Յայտարարութիւն

Monday, June 11, 2012

ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ - (Ծաղկաքաղ) 16 - ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - Թարգմանեց՝ Վազգէն Գէորգեան

Հաւատում եմ ես ու վկայում եմ փորձով համոզուած,
Մտատեսութեամբ, որով, բարերա´ր, դու օժտել ես ինձ,
Որ շատ աւելի ըղձալի են քեզ
Աղաչանքները մեղաւորների,
Քան արդարների ամէն մի խնդրանք:
Քանզի մէկն անկեղծ խոստովանելով պարտութիւնը իր՝
Ակնկալում է լոկ շնորհքը քո
Եւ գիտակցելով չափն իր բնութեան
Ու ճանաչելով իրեն ներքնապէս՝
Որպէս ինքնոգոր ախոյեան, ոսոխ
Կշտամբանքներով, դառնագին ձաղմամբ
Մարտնչում է ինքն իր իսկ անձի դէմ:
Մինչդեռ միւսը, բարեգործութեանն իր ապաւինած,
Ինքնաբաւական մի վստահութեամբ,
Մոռացած սահմանն էութեան մարդու՝
Առաւելապէս ակնկալում է պարգևներ քեզնից, քան ողորմոwթիւն:
...Ուստի յառնի´ր, տէ´ր, որպէսզի յանկարծ աջն հողեղէնի
Չզօրաւորուի քոնի համեմատ,
Ջանքեր մարդկանց չհաւասարուեն
Քո աստուածային ողորմութեան հետ:

***
Առողջ անդամներ ունեցող մարդիկ
Կարիք չեն զգում բնաւ բուժուելու,
Ոչ էլ տեսնողներն՝ անհրաժեշտութիւն առաջնորդների.
Ընչաշատները չեն յածում երբեք
Լիացածների դռների առաջ,
Ու չեն սպասում յղփացածները ամէն բարիքով՝
Թափթփուկներին սեղանի հացի.
Վարքով սրբերը կարիք չեն զգում ողորմածութեան.
Արդ, գթա´ դու ինձ, ողորմի´ր,բարձրեալ երկնաւոր հզօ´ր,
Ինձ՝ վարանեալիս ամենատխուր...

***
Արդ, վերոգրեալ սաղմոսին այստեղ
Ինչո՞ւ այլ մասեր չաւելացնեմ մարգարէներից.
Սակայն ի՞նչ վայելք պիտի ստանամ այն կերակրից,
Որ ուտելու եմ այսքան ցաւերով անզգայացած,
Եւ կամ ի՞նչ օգուտ կտայ սաղմոսն ինձ,
Եթէ չըմբռնեմ իմաստը նրա:
Չէ՞ որ դրանով նզովում եմ ես
Միայն ինքս ինձ ու չեմ հասկանում,
Լուացուում եմ, բայց չեմ պայծառանում,
Արևն է ծագում՝ չեմ լուսաւորուում,
Մեղր եմ ճաշակում ու չեմ քաղցրանում,
Ջանում եմ անդուլ՝ մնում բեմ դատարկ,
Ձաղուում եմ անվերջ, բայց չեմ խրատուում,
Յորդորուում եմ միշտ ու չեմ սթափուում:

***
Բուսցնում ես անշունչ ու մեռեալ հողից դալար խոտ.
Կառավարելով՝ ընթացք ես տալիս անշարժականին.
Անարգ արգանդից կեանքի ես կոչում քեզ կերպակիցներ.
Պատանիներին տալիս աղօրիք ըմբոշխնողական.
Մաքուր այտերին հեր ես ընծայում
Ու սև վարսերի սաղարթի գոյնը
Զարմանագործում ձեան ճերմակութեան,
Ցուցադրելով, որ զօրութիւնդ
Անցնում է ամէն սահմանից, հզօ´ր.
Շրթունքների պարզ բնախօսական
Թոթովանքները, ըստ Յոբի խօսքի,
Վերափոխում ես բանական կամքի արտայայտութեան:
Դու սասանում ես հիմքից երկիրն ու սիւները նրա,
Հաստուածի գոյով՝ զգալ տալով մեզ,
Որ միայն դու ես անկորնչելի:
Փոխակերպում ես տարերքներն իբրև յեղյեղուկ մի բան
Եւ ապա նորից, որպէս յարակայ,
Վերահաստատում նոյն վիճակի մէջ,
Յայտնելով, որ մեր մեղքերը բազում
Կարող ես նոյնպէս դիւրութեամբ պահել և կամ արձակել:
Տնօրինում ես դու արուսեակի
Էութիւնն անշունչ, անզգայ՝ ասես երասանակով,
Ցոյց տալով այդպէս, որ մեր բնութեան հակումները չար,
Դու բոլորակը անբարբառ լուսնի
Դարձնում ես մերթ սին և մերթ պատառուն,
Յուսադրելով, որպէս աւետիք, այդ տեսնողներին,
Թէ պարտազանց ու շնորհակորոյս մարմինը նոյնպէս
Կարող ես բերել իր առաջնաստեղծ
Ճոխ ու պերճափայլ կատարելութեան:
Համայն գնդերը անխօս աստղերի,
Որպէս հօտերի աննշան խմբեր,
Մերթ բաժանում ես ու մերթ ժողովում,
Դրանով ասես յոյս ակնկալելով, քաղցրահայեաց աչք,
Թէ աղաչանքից զուրկ լեզուներին
Կարող կը լինես նոյնպէս ողորմել:
Ծովերում, կեանքի ու մահուան միջև,
Ապահով շաւիղ, ճամբայ ես հարթում,
Հաւաստելով, որ նաև չսպաննուած վտանգի պահին
Քո պաշտպանութեամբ կմնանք անգայթ.
Կաթսաների մէջ հրից եռացող ջրերի նման
Քո կամքի խօսքով կը դադարեցնես
Նաև մեղքերի մրրիկը պղտոր:
Երկրին նայելով՝ սասանում ես այն,
Անբանականի միջոցով այդպէս
Զգաստացնելով մտաւորներիս:
Խօլ ալիքների վրայ տատանուող մակոյկի նման՝
Դղրդացնում ես հողազանգուածը թանձր ու անեզերք,
Յայտնելով բոլոր արարածներին, թէ կաս աներկբայ
Եւ քո զօրաւոր խօսքով ես հաստել ամէն գոյութիւն:
Մարմիններն անշունչ հողում ցանելով
Եւ պահպանելով այնտեղ անկորուստ՝
Վերածնում ես նորից կենդանի.
Հողին ես յանձնում եղծականը և անեղծն ստանում,
Մահացու նիւթին միաւորելով նշխարդ կեանքի:
Դու հրամանիդ ակնարկով միայն
Խաւարն անորոշ, չնչին վայրկեանում,
Վերափոխեցիր ամենատեսակ գոյաձևերի:
Քո մեծ զօրութեամբ ու կարողութեամբ
Հոլովումներով օրերի՝ տարուայ
Եղանակներն ես պարբերափոխում,
Ըստ ժամանակի, իւրաքանչիւրին
Տալով վայելչանքն իր բարեպատեհ:
Անմռունչներին կանչում ես իբրև կենդանիների.
Բաւական է լոկ, որ ազդարարես, իսկոյն կ'ընթանան:
Այդ դու ես միայն, որ հնարամիտ, անճառ արուեստով՝
Հիւսում ես իրար առաւօտ ու մէգ:
Դու առաջնաստեղծ Լինելիութեան
Նախասկզբնական արարչութիւնը գործելուց յետոյ,
Ըստ հիացական կանխագուշակման՝ երջանիկ գրքի,
Երբ որ մարդացար, կատարեցիր նոր
Անթիւ մեծամեծ, հրաշակերտ ու փառաւոր գործեր
Եւ ստեղծեցիր այլ նուիրական մի գոյակցութիւն՝
Նախորդից անեղծ մի ուրիշ աշխարհ:

Շար . 16


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝