Յայտարարութիւն

Wednesday, June 13, 2012

ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ - (Ծաղկաքաղ)17 - ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - Թարգմանեց՝ Վազգէն Գէորգեան

Շնորհի´ր կրկին ողորմութիւնդ լքուածիս անօգ,
Ահաւոր,բարի,մարդասէր,գթած,խնամակալ,սուրբ,
Կենդանի,պայծառ,անմահ թագաւո´ր,
Ազդի´ր պանծալի խաչիդ զօրութեամբ
Անզգայացած երիկամունքիս
Եւ յուսալքուած անպտուղ սրտիս
Անդաստանների վրայ ուժգնօրէն,
Որպէսզի հզօր ամենակալիդ
Գթառատ կամքի օժանդակութեամբ
Որոտայ հոգիս ու վշտագնացիս աչքերով բղխի
Արտասուքների վարար վտակներ
Եւ ոռոգելով՝մաքրի փրկի ինձ՝ քեզ ի հաճութիւն,
Ամենապարգև տէրդ բոլորի,
Փառաւորեալդ յաւիտեանս,ամէն:

***

Աղբիւր գթութեան և ողորմութեան,
Բարեպարգև տէ´ր,որդի բարձրեալի Յիսուս Քրիստո´ս,
Գթա´,խնայի´ր ու մարդասիրի´ր,
Նայի´ր վտանգիս,հայեացք ձգի´ր իմ սրտաբեկութեան,
Թշուառութեանս վրայ խոնարհուի´ր,
Տե´ս տագնապներս ու տուայտանքներս անդարմանելի,
Կարեկից եղի´ր իմ կորստաբեր տառապանքներին,
Շօշափի´ր ախտերս ամենաթշուառ՝ բժշկի նման,
Քաղցրութեամբ ականջ դի´ր ողորմագին հեծեծանքներիս,
Լսի´ր խորախոր անդնդից շիրիմի
Մահուան անմռունչ հառաչանքներս.
Թո´ղ ամենալուր քո լսելիքը թափանցի հիւծուած
Անդամներիս ձայնը պաղատագին:
Եւ է քանզի հոգին՝ կենդանութեանս
Գրաւականը,անապական է,
Թո´ղ որ անայլայլ լինի նաև քո սէրը գթառատ.
Հեզութեամբ կցորդ եղի´ր դժնդակ տկարութեանս,
Մեռած պատկերիս դէմ ոխ մի´ պահիր,
Դատաքննութեան մի´ մտիր անշունչ կերպարանքիս հետ,
Խեղճ մահատանջիս վրայ հարուածներ նորից մի´ տեղայ,
Ջարդուած խեցեղեն անօթիս դէմ մի´ մարտնչիր ուժգին,
Բարկութիւններդ մի´ քարկոծիր,
Ջախջախուած լուիս վրայ սաստկապէս դու մի´ որոտայ,
Անպատուած հողիս վրայ մի´ իբրև
Ամբարտաւանի մռնչայ ուժգին,
Մերժելի մոխրիս մի´ կանչիր դատի,
Ցնդելի փոշուս մի´ համարիր դու քեզ ընդդիմամարտ,
Տրորուած տիղմիս մի´ հաշուիր ոսոխ,
Եղուկ անարգիս մի´ վանիր իբրև գեհենի ճարակ
Եւ բազմապատիկ այսքան խօսքերով հէգ կշտամբածիս
Դու էլ վերստին մի´ յանդիմանիր:

***

Միայն թագաւոր հզօր ինքնակալ,
Արարի´չ երկնի,երկրի և բոլոր
Զարդարանքների,որ կա նրանց մէջ,
Տէր Յիսո´ւս,ահա քեզ ապաւինած՝
Սպասում եմ ես գալստեան փրկչիդ՝
Քո ողորմութեան ակնկալիքով.
Ոտներդ ընկած՝ գարշապարներիդ հետքն եմ համբուրում,
Խոստովանում եմ պարտութիւնը իմ,
Հրապարակում մեղքերս բոլոր,
Կշտամբանքներիս քարերով ծեծկուում,
Այրուում եմ սրտիս հառաչանքներով,
Խոցոտուում եմ խոր խղճիս խայթերով
Ու սրտիս բոցով լափուած՝ տապակուում,
Եփուում եմ ցօղով աղի արցունքիս,
Երիկամներիս հրայրքով կիզուում,
Ցամաքում՝օդով յուսահաւատութեան
Եւ նուաղում եմ հողմով դառնաշունչ,
Ցնցուում եմ վշտից ու կողկողագին հեծութեամբ դողում,
Տառապում՝անլուր տուայտանքներով
Ու տատանում եմ տագնապով հոգուս,
Մրրկակոծ ծփում ու սասանուում եմ ալեբախումից.
Մարսում եմ,երբ որ լուր է սպասուում,
Գալիքն յիշելով՝ կորչում ահաբեկ,
Ատեանի տեսքից հալուում եմ ի սպառ
Ու մեռնում՝ մեծիդ սպառնալիքով:
Լսի´ր,բազմագ´ւթ,քաւի´չ,մարդասէ´ր ու երկայնամի´տ,
Քաղցրութի´ւն անճառ,բարեպարգև օ´ր և թի´ւ տենչալի,
Քանզի կարող ես ամէն ինչի մէջ,
Կարող ես նաև շունչս փչելիս ինձ փրկագործել:
Շար . 17

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝