Յայտարարութիւն

Friday, June 15, 2012

ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ - (Ծաղկաքաղ) 19 - ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - Թարգմանեց՝ Վազգէն Գէորգեան

Արդ որովհետև քո աստուածային հոգատար ձեռքով՝
Սիրուդ մէջ, ինչպէս զտող քուրայում.
Շարունակ եռում՝ չեմ պարզուում երբեք,
Խառնուում եմ անվերջ ձուլուելու համար, բայց չեմ միանում,
Ուստի երկնաւոր դու արծաթագործ.
Իմ գոյութեան ամենահնար
Արուեստաւոր ու ճարտարապետ իմ,
Զուր ես աշխատում, ջանում ինձ համար:
Ըստ մարգարէի յայտնի առակի,
Իմ չարութիւնը չհալուեց երբեք:
Եւ ահա այսպէս, սաստիկ մոլեգնած՝
Մի ողորմելի ու մի դիւախաբ խելագարի պէս
Բարբաջում եմ միշտ յանդուգն ու անկարգ,
Որով աւելի բազմապատկում եմ պարտք ու մեղքերս,
Քան թէ հաշտութեան մի հնար գտնում:
Եւ արդ, որպէսզի հանդերձեալների
Համար պատրաստած տանջարաններում
Դէպքերն անընտել, պատահարները անվարժ, անսովոր,
Դիպուածներն անփորձ ու անօրինակ չթուան յանկարծ,
Այստեղ մարմնիս մէջ անմոռաց պահեց
Մնացորդները նախկին անէծքի,
Որպէսզի փոքր ու անարգ տարրերին
Ընտելանալով՝ մեծին սովորենք:

***

Կան որովայնի ինքնածին ճապուկ
Խլրտուն պէս-պէս բոկոտ-ճիճուներ,
Աղիքների գարշ որդեր գաղտնակուր,
Հրափայլ, այրող պալար-այտուցներ,
Պզուկներ, պուտեր, բոցի պէս կիզող,
Անիծներ անձև, քրտնածին, գազիր
Կակծեցուցիչ, եռքոր յարուցող ոհմակներ անարգ
Եւ հրոսակներ վայրենաբարոյ,
Որ ինչպէս դևեր գիշերամարտիկ,
Ինչպէս մենազէն ու խաւարասէր գնդեր բարբարոս
Եւ արաբական խոլ ու քանասար, կատաղի գայլեր,
Կոր-կոր ընթացքով, գոյնով արջնաթոյր
Եւ կարիճների խայթոցների պէս
Կչկնապարոյր ու կռածայր կտուցով,
Ասես թե դժնիկ փշերով, անվերջ
Խայթում, խոցոտում, ծծում, քամում են արիւնը խոնաւ
Եւ անկողնի մէջ, հանգստի մահճում
Չարչրկում, լլկում ու տանջում են մեզ:
Իսկ եթէ մէկը ձեռքը մեկնի յանկարծ
Արժանի պատիժ փոխհատուցելու,
Իսկոյն զգում են իրենց պատճառած վնասը մարդուն
Եւ լերկամարմին իրենց չքութեամբ,
Ասես թև առած, թռչում են փութով
Ու ոստոստելով մարախների պէս՝
Փախուստ են տալիս ամէն ուղղութեամբ
Եւ բազմապատիր ու նենգաբարոյ աղուէսի նման
Խորամանկելով՝ մտնում ծակուծուկ,
Որպէսզի փրկուեն մահուան երկիւղից:
Այսքան չքոտի իրենց երկիւղութեամբ՝
Ոչ միայն գեղջուկ, խառնիճաղանճ ու ռամիկ մարդկանց,
Այլև ահարկու և հզօրազօր թագաւորներին
Փախցնում, վտարում, հանում են նրանք
Դէպի բարձրաբերձ վերնայարկերը ապարանքների
Կամ թէ ստիպում ապրել բացօթեայ:
Քաջարի մարդիկ, որ ամբոխների վրայ իշխեցին,
Որոնք տիրեցին ժողովուրդների
Ու շատ ազգերի քաղաքներ առան,
Խոստովանում են պարտութիւնն իրենց յաղթ բազուկների
Ասելով՝ քանզի չկարողացանք
Մենք դիմակայլ մեզնից աւելի զօրաւորներին
Ուստի խոյս տալով՝ հասել ենք այստեղ:

***

Անպիտան եմ ես ամէն ինչի մէջ
Եւ պարսաւելի՝ որքան խօսքերը զօր են ասելու.
Ես, որ նիրհում եմ, մինչդեռ արթուն եմ,
Թմրում եմ, երբ որ զգաստ եմ թուում,
Բարեպաշտելիս զայրանում եմ
Եւ վրիպում եմ աղօթք անելիս.
Ընթացքիս պահին կանգնում եմ տարտամ,
Դեռ չարդարացած՝ նորից մեղանչում,
Դեռ չխաղաղած՝ յուզուում եմ դարձեալ,
Արշաւ չսկսած, իսկոյն նահանջում,
Գնալուս պահին ընկրկում եմ ետ,
Լոյսն եմ պղտորում խաւարի մասով,
Օշինդր եմ խառնում քաղցր համի հետ,
Բարու հինուածքին հիւսում եմ չարիք,
Ոտքի չկանգնած՝ ընկնում եմ կրկին:
Ծաղկում եմ, սակայն պտուղ չեմ տալիս,
Ասում եմ, սակայն չեմ անում ոչինչ,
Խոստանում եմ, բայց չեմ գործադրում,
Պարտաւորուում եմ և չեմ կատարում,
Ձեռքս պարզում եմ, բայց քաշում եմ ետ,
Ցուցադրում եմ և չեմ ընծայում,
Մօտեցնում եմ, սակայն չեմ տալիս:
Վիրաւորուում եմ՝ դեռ չդարմանած նախկին վէրքերս,
Դեռ չհաշտեցրած՝ խռովում նորից:
Անիրաւօրէն դատում եմ դիմում
Եւ ինքս եմ դատուում արդար ու իրաւ.
Գրուում եմ, սակայն ջնջուում եմ իսկոյն.
Նաւարկում եմ, բայց շեղուում եմ գծից,
Սկսում եմ և չեմ հասնում վերջին:
Դեռ չամրապնդուած՝ խախտուում եմ դարձեալ,
Չլցուած՝ նորից մնում եմ թափուր,
Այստեղ մի փոքր կարգի եմ գալիս, այնտեղ՝ քայքայուում.
Դեռ չհաւաքուած՝ ցրուում եմ կրկին,
Հիմքը գցում եմ, բայց չեմ աւարտում:
Մէկը՝ վաստակում, սպառում եմ բիւր,
Գանձում՝ աննշան, վատնում եմ անթիւ:
Ուրիշներին եմ խրատում, մինչդեռ ես ինքս եմ անփորձ.
Սովորում եմ միշտ, սակայն ճշմարիտ
Գիտութեան հասու չեմ դառնում երբեք:
Մարած չարիքն եմ արծարծում նորից.
Հազիւ մի փոքր սիրտ առած՝ դարձեալ լքուում եմ անյոյյս.
Լարուում եմ, սակայն հենց տեղն աւ տեղը թուլանում կրկին:
Այս կարկատում եմ, այն պատառոտում
Եղինջը քաղում, տնկում եմ տատասկ:
Հազիւ բարձրացած՝ ցած եմ գլորուում.
Մտնում եմ բոյնը՝ որպէս աղաւնի,
Բայց դուրս եմ ելնում որպէս ագռաւ.
Գալիս եմ ճերմակ, վերադառնում եմ լրիւ սևացած:
Քեզ դաւանող եմ համարում ինքս ինձ.
Սակայն նուիրում եմ սպանողին.
Հազիւ հանդիպած թիկունք եմ դարձնում:
Մաքրուում եմ և մրոտուում դարձեալ,
Լուացուում եմ և իսկոյն զազրոտում:
Դաւթի կերպարանք առած՝ անում եմ գործը Սաւուղի.
Շրթունքներով ճշմարտում եմ, բայց սրտովս՝ ստում:
Աջով տնտեսում, ցրում եմ ձախով.
Ցորեն ցանելիս, որոմ եմ խառնում:
Իջած բարձրագոյն իմաստութիւնից՝
Դառնում եմ ես այն, ինչ որ ինքս կամ.
Դրսից առնում եմ հրեշտակի տեսք, ներքուստ՝ դիւանում.
Ոտքով հաստատուում, բայց տատանուում եմ շարունակ մտքով.
Սուտ ձևանում եմ, իրօք խոտորուում.
Կեղծում եմ արդար, սակայն գործում եմ ամբարշտութիւն.
Դասուում եմ կարգը հեզամիտների,
Բայց կաքաւում եմ միշտ դևերի հետ:
Մարդկանցից գովուում, բայց պարսաւուում եմ տեսնողիդ կողմից:
Հողածիններից “երանի՜”, սակայն լուսորդներից լսում եմ “աւա՜ղ”.
Հաճոյանում եմ հետին ռամիկին,
Ընկնում եմ աչքից մեծ թագաւորիդ.
Դատաւորի սուրբ ատեանը թողած՝
Աղերս եմ անում խառնիճաղանճին.
Վեհերից մերժուած՝ խաժամուժների մէջ եմ սողոսկում:
Բայց իրականում ճայի գոյն ունեմ.
Մօտենում եմ, որ դաշն հաստատեմ,
Բայց ուխտակորոյս վռնտուում եմ դուրս.
Այսօր մի մաքուր հոգեկիր եմ ես, վաղը՝ խելագար.
Թողած տեղունի պատուիրանները՝
Հետևում եմ միշտ օձի սադրանքին:
Արիանում եմ կտրիճի նման,
Կրում եմ օրուան ծանրութիւնները,
Բայց վարձքի ժամին մնում եմ անմաս.
Հեռուից խօսում եմ ճոռոմ ու մեծ-մեծ,
Սակայն պապանձուում ու կարկամում եմ պատասխան տալիս.
Արևածագին հարուստ եմ թուում,
Իսկ մայրամուտին դեգերում եմ ու հածում ձեռնունայն:
Ծերակուտական աթոռին բազմած՝
Ընկերակցում եմ խելայեղներին:
Ննջում եմ ահ ու տարակուսանքով,
Արհաւիրքներով զարհուրած՝ զարթնում:
Անդաստանները սրտիս հերկում եմ վատշէնաբար:
Փութաջան եմ միշտ չարիքների մեջ, անառակ որդիս,
Ես՝ անվերադարձ տարագրեալս,
Մոլորս անզղջում, տրտումս անսփոփ, ինքնակամ գերիս
Ապականութեան ու մահուան ծառաս,
Անողոքելի բազմաչարչարս,
Մատնութեամբ կորածս անփրկելի,
Անպատուաստելի պատառոտուածս,
Հանգած մարածս անարծարծելի,
Անկազդուրելի հէգ խորտակուածս
Ու կործանուածս աննորոգելի:
Եւ եթէ պէտք է ասել աւելի խիստ նախատինքներ,
Կը գրեմ այստեղ, կը գրեմ անվերջ
Ու չեմ խնայի անօրէն անձիս,
Որ կռիւների կոյտ է գեհէնում այրուելու համար:
Նախանձ ծնունդ եմ, նախկին հողածին Կայէնի նման,
Ես էլ երկնային մի նոր Ադամի.
Եւ որպէս նշան ամբաստանութեան
Կրում եմ իմ մէջ աշխարհում ոչ թէ շնչառութիւնս,
Այլ նախատինքիս խօսքերը միայն:

Շար . 19

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝