Յայտարարութիւն

Saturday, June 16, 2012

ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ - (Ծաղկաքաղ) 20 - ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - Թարգմանեց՝ Վազգէն Գէորգեան

Արդ, ու՞ր կարող եմ գտնել փրկութիւն,
Երբ սկզբնահայրն հաւատի անվերջ,
Յուսահատութեան այս անձուկ վայրում,
Իմ անգթութեան չարիքներն է միշտ յիշել տալիս ինձ.
Մարգարէների մէջն է անխնայ
Կոշկոռում սաստիկ խօսքի քարերով.
Արին բարեփառ նիզակ ու տէգով խոցաման անուս.
Բնաջնջում է ճշմարտի պատկերն Աքարի նման.
Վեհն աստուածարեալ յարդգողների վրէժին մատնում.
Կանխատեսողն է մարգարէածին
Ամաղակեցու նման սպաննում արարչի առաջ.
Վատնում է բոցով իր երկնատարափ՝ նախանձորդն Աստծու.
Հինի լրումն ու սկիզբը նորի
Հեծանոցով իր յանձնում է քամուն.
Առաքեալների պետը անողոք
Կենազրկում է Սափիրայի պէս.
Հոգեքննիչ քարոզն իսկ կենաց՝ մահ է ինձ բուրում:
Երբ անաչառ են իմ հանդէպ նաև
Կաճառներն ամբողջ երջանիկների,
Սպառազինուած վերնայնի սաստիկ հրամաններով.
Հրեշտակների հետ նաև մարդիկ,
Այս հողագնդի ու տիեզերքի հետ տարերքները ողջ,
Անզգաներն ու շարժուններն համայն,
Որ դատապարտած ինձ անլուր լլկանք ու տանջանքների,
Ազդարարում ու պատկերում են միշտ աչքերիս առաջ
Նաև ապագան առաւել դժխեմ:
Արդ, կորցրած այսպէս վստահութիւնն ու անդորրը կեանքիս,
Ալեկոծուում եմ սաստիկ հողմածեծ
Փոթորկայոյզ ու յաւերժ մրրկածուփ մի ծովի նման:
Եւ եթէ մէկը քննախոյզ լինի ուշիմ հայեացքով,
Կը տեսնի անթիւ, բիւր ու անհամար
Փոքր ու մեծամեծ, բազմատեսակ ու զանազանակերպ
Խմբեր լողացող կենդանիների,
Որոնք անհատնում ամեհի վտար ու երամներով
Եռում, զեռում են, սուրում, սլանում մարմնիս ծովի մէջ,
Ու կը հաստատի ճշմարտութիւնը գրած խօսքերիս:

***
Սաստի´ր քո ձեռքով ալեկոծումը մրրկայոյզ հոգուս,
Դադարեցրո´ւ սրտիս ծփանքի
Մոլեգին շարժման ծաւալումները,
Նուաճի´ր, զսպի´ր վայրագութիւնը ցնդած մտքերիս:
Թող հրամանով մեծիդ խաղաղուի
Ամենավարան բուքն այս սասանող.
Ջնջի´ր, խափանի´ր իսպառ ամօթի
Մութ գաղտնիքների անդամներն ահեղ՝
Այդ երկրակենցաղ աւազակների
Բազմակերպարան ուրուականները:
Համարի´ր աղօթք մի մշտամատոյց
Ողբիս մատեանի այս ողորմաղերս
Նոր տողերը, որ թախծագին ձայնով ընծայեցի քեզ.
Հա´ն անդունդների խորքերից մահուան
Եւ չքնաղ կեանքով ապրեցրո´ւ փրկուած մարգարէի պէս.
Ընդունի´ր սիրով խոստովանութիւնն իմ այս ինքնադատ
Եւ տուր սփոփանք դառն վշտերով
Ուժգին հեծեծող յուսահատուածիս:

***
...Չկայ որ մի մարդ այնքան մեղաւոր, այնքան անօրէն,
Այնքան ամբարիշտ, այնքան անիրաւ, այնքան չարագործ,
Այնքան մոլորուած, այնքան սխալուած, այնքան մոլեգնած,
Այնքան խարդախուած, այնքան շաղախուած, այնքան ամաչած
Ու դատապարտուած, որքան որ ես եմ.
Մի միայն ե´ս եմ, ու ուրիշ՝ ոչ ոք.
Ե´ս եմ համայնը, և ամէնքինն է պարփակուած իմ մէջ:
Ո´չ ամենևին հեթանոսները, որ անգէտ էին,
Ո´չ հրեաները, քանզի կուրացան
Ո´չ տգէտներն ու խաժամուժ մարդիկ,
Քանզի զուրկ էին իմաստութիւնից.
Միայն ե´ս, քանզի, որպէս իմ անձին ամբաստանութիւն,
Վարժապետ անուն նոյնիսկ կրեցի.
Կոչուեցի ռաբբի, ռաբբի, եղծելով գովեստն առ Աստուած.
Անուանուեցի և բարի, եղկութիւն ինձ ժառանգելով.
Մարդկանցից նաև սուրբ վկայուեցի.
Երբ անմաքուր եմ Աստուծոյ առաջ.
Դիտուեցի արդար, երբ ամբարիշտ եմ բոլոր կողմերով.
Գովասանքներով մարդկանց՝ հրճուեցի,
Որ Քրիստոսի ատեանում ձաղկուեմ.
Դեռ աւազանից կոչուեցի արթուն,
Սակայն ննջեցի մահաբեր քնով.
Հսկող յորջորջում նոյնիսկ ստացայ օրս փրկութեան,
Սակայն աչքերս փակեցի ամուր զգաստութեան դէմ:
Ահա և այժմ՝ արդար դատաստան, յանդիմանութիւն,
Նոր կշտամբանք, հին դատապարտութիւն,
Ամօթանք դէմքի ու հոգու տագնապ,
Քննութիւն՝ փոքր բաների համար,
Որ ունեն կշիռ մեծամեծների:

Շար . 20

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝