Յայտարարութիւն

Friday, July 13, 2012

ՍԲ. ԻԳՆԱՏԻՈՍ ԱՆՏԻՈՔԱՑԻ, «ՆԱՄԱԿՆԵՐ»

Այս ծանօթագրութիւնը արտատպուած է mashtoz.org էն
«Նշանակ»
»«»«»«»«»«»«»«»«»«»«»»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«








ԳՐՔԻ ՄԱՍԻՆ



Եօթը նամակներ, գրուած՝ գրեթէ քսան դար առաջ, մահուան դատապարտուած մի Եպիսկոպոսի կողմից, քրիստոնէական մի քանի համայնքների, որոնց անունն անգամ այսօր դժուարութեամբ է յիշւում: Ի՞նչ արդիականութիւն կարող են ունենալ:

Այս հարցին իմաստալի պատասխան հնարաւոր է տալ միմիայն նամակներն իսկ ընթերցելուց յետոյ, ընթերցանութեամբ՝ որն հարկաւոր է կատարել պատշաճ ուշադրութեամբ ու խորհրդածութեամբ:

Առաջին իսկ պահից, յամենայն դէպս, օգտակար է յիշել, որ այս նամակների հեղինակը, Իգնատիոս Անտիոքացին, մարտիրոս է. մի մարդ, այսինքն, որ ամբողջ խորութեամբ ապրել է այն՝ ինչ գրել է եւ իր ուսուցումներին վկայել է սեփական կեանքի ընծայմամբ:

Այս առաջին ճշգրտումից յետոյ, ամենատարբեր բնոյթի կարող են լինել հետաքրքրութիւնները, որոնք կարող են արթնանալ այս նամակների ընթերցանութեամբ:

Պատմաբաններն այս գրութիւններում կարող են արժէքաւոր տեղեկութիւններ գտնել քրիստոնէական առաջին համայնքների վերաբերեալ: Աստուածաբանները կարող են բազմաթիւ վկայութիւններ գտնել իրենց քննարկումների համար: Հաւատաւոր անձինք կարող են հաղորդակցութեան մէջ մտնել արտայայտուած ճշմարտութիւնների ու որոշ գաղափարների հետ, որոնք կ'օժանդակեն զօրացնելու ու ամրապնդելու իրենց հաւատքը, եւ մանաւանդ՝ իրենց սէրն ու անձնական հաղորդութիւնը Տիրոջ հետ: Եւ այսպէս ամէն ոք կարող է այս նամակներին մերձենալ իր իւրայատուկ հետաքրքրութիւններով:

Ամէնքը, սակայն, համաձայն կը գտնուեն մի կէտի շուրջ: Իգնատիոս Անտիոքացու նամակներն ամենավաւերական վկայութիւններից են այն բանի, թէ ի՛նչ է նշանակում սիրել Աստծուն ամէն ինչից վեր: Ինչը որ, հաւատացեալի համար, միշտ էլ մնում է որպէս իր կեանքի ամենակարեւոր ու ամենաարդիական յանձնառութիւնը:

Իգնատիոսը Աստծուն սիրահարուած հոգի է. նրա համար միմիայն Աստծոյ մէջ է ամէն բան ստանում արժէք, մինչ Աստծուց դուրս ամէն բան անիմաստ է: Սիրել Աստծուն ամէն ինչից վեր, հետեւաբար՝ նաեւ սեփական կեանքից էլ վեր: Ահա այստեղից է ծնւում Աստծոյ հետ շուտով հանդիպելու իղձը, բաղձանքը՝ որքան կարելի է շուտով հասնել մարտիրոսութեանը, հասնելու համար Միակ Բարիքին: Այստեղից են ծնւում Իգնատիոսի անդադար յորդորները՝ պահպանելու եւ հոգատարութեամբ խնամելու Միութիւնը, քանի որ Աստուած Միութիւն է եւ Հաղորդութիւն: Այստեղից են տակաւին ծնւում խորհրդազգացական (միստիկ) այն զմայլելի սլացքն ու անզսպելի եռանդն ու հրայրքը, որոնցով այս Նամակները եզակի գլուխգործոցներ են դառնում համաշխարհային գրականութեան անմահ երկերի շարքում:

Ներկայ հրատարակութեան նպատակն է Քսանմէկերորդ դար մուտք գործած քրիստոնեային հնարաւորութիւն ընձեռել ծանօթանալու այս Նամակներին, իսկ Նամակների միջոցով՝ նրանց Հեղինակին եւ Քրիստոնէութեան առաջին տասնամեակներում տիրող եռանդուն հոգուն ու աստուածավառ իղձերին: Ներկայ աշխատանքն, ուստի, ծանրացուած չէ պատմա-բանասիրական քննութիւններով: Հետեւաբար, ե՛ւ ընդհանուր ներածութեան մէջ, ե՛ւ առանձին նամակների համառօտ ներկայացման ժամանակ, ե՛ւ ծանօթագրութիւններում ամբողջովին բացառել ենք քննական բնոյթի յղումներն ու նկատողութիւնները: Ընդգծել ենք, մինչդեռ, աստուածաբանական, հովուական եւ հոգեմարզական (ասկետիկ) բնոյթի այն տարրերը, որոնք օգտակար ենք նկատել ներկայ դարաշրջանում ապրող քրիստոնեայի համար:

Ընթերցողն այսպիսով – յուսով ենք – կը գտնի այս հրատարակութիւնը բաւականին ճկուն եւ դիւրընթեռնելի, առանց աւելորդ ծանրաբեռնումների, որոնք ուսումնասիրողների համար միայն կարող են ինչ որ հետաքրքրութիւն ներկայացնել: Սոյն հրատարակութեան նպատակն է ընթերցողին պարգեւել խաղաղ մտորումների ու խորհրդածութեան պահեր, որոնք իր մտքին խօսելուց առաջ՝ ընդունակ կը լինեն խօսելու իր սրտին:



ԳՐՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆԸ



Նախաբան


5

Ներածութիւն


10

Եփեսոսի քրիստոնեաներին


41
Մագնեզիայի քրիստոնեաներին
66
Թրալլիսի քրիստոնեաներին 81
Հռոմի քրիստոնեաներին 94
Ֆիլադելֆիայի քրիստոնեաներին 109
Զմիւռնիայի քրիստոնեաներին 122
Պողիկարպոսին 137
Բովանդակութիւն 151







Ա՛ՅԼ ՏՈՒԵԱԼՆԵՐ





Վերնագիր


« Նամակներ »

Հեղինակ


Սբ. Իգնատիոս Անտիոքացի

Թարգմանիչ-Խմբագիր


Մաշտոց Վահէ Ղազարեան

Հրատարակիչ


«Ընդհանրական» Հրատարակչատուն

ISBN


978-9939-9019-8-5

Էջ


160

Չափս


14 x 19 սմ

Հրատ. Տեղ եւ Տարի


Երեւան, Դեկտեմբեր 2011



Գին


Հայաստանում՝ 1200 դրամ

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝