Յայտարարութիւն

Saturday, June 26, 2021

ՅԻՇԵԼՈՎ՝ ՏՈՔԹՈՐ-ՄՏԱՒՈՐԱԿԱՆԸ (ՏՈՔԹ. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՆԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ)

 


Արդէն համարեա մէկ ամիս անցած է Տոքթ. Թորոս Թորանեանի մահէն: Համաքաղաքացի Գէորգ Պետիկեանի յօդուածը կ'արտատպենք Հալէպ հրատարակուող Գանձասար թերթէն(Խմբ.)
 

Տասնամեակ մը առաջ էր, երբ Երեւան մեկնելու համար, դարձեալ ծննդավայր Հալէպս կ’այցելէի, բարի բախտէս, կրցայ բժիշկ Թորոս Թորանեանին հետ յատուկ ժամադրութեամբ մը տեսնուիլ: Կ’ուզէի անպայման հանդիպիլ:

Ու իբրեւ անծանօթ մը, սիրտս բառերուս մէջ բռնած, ուխտաւորի մը անկեղծութեամբ, որոշուած ժամուն, հաւատքս եւ ուրախութիւնս շալկած, գացի զինք տեսնելու: Անկեղծօրէն, առաջին անգամ ըլլալով պիտի հանդիպէի հալէպահայ նման գրողի մը: Զինք մօտէն կամ հեռուէն չէի տեսած, նոյնիսկ ծանօթ չէի իր անուան եւ իր գրիչին: Մէկ խօսքով զինք չէի ճանչնար: Ու աղմկոտ սրճարանի մը անկիւնը տեղաւորուելէ ետք, այդ երեկոյ մենք երկուքով երկար խօսեցանք քիչ մը ամէն բան: Յաճախ լուռ խօսեցանք: Ինք անհամբեր կը սպասէր, որ արդեօք ի՞նչ կամ ինչե՜ր պիտի պատմէր կամ պիտի ըսէր դիմացը նստող եւ երկար տարիներէ ի վեր ամերիկահայ դարձած, բնիկ այս հալէպցին:

Անմիջապէս, հազիւ քանի մը սովորական նախադասասութիւններ փոխանակած, իր լոյս ընծայած քանի մը հատորները բռնած, արագ մը սեղանին վրայ դնելով, ցուցամատովը հասկցուց, թէ «ասոնք» ինծի համար էին: Եւ ապա ի՛նք բացումը կատարեց մեր խօսակցութեան: Ու սկսաւ այնպէս մը խօսիլ, որ կարծես իր կեանքին կորսուած հետքերը կ’ուզէր փնտռել: Բայց առաջին իսկ հերթին, ինծի համար ի՛նք տառապանքը շալկած ուխտաւորի մը նմանեցաւ: Կը խօսէր կարծես թէ մեզի համար կեանքը նոր սկսած ըլլար:

Ու  առանց ժամացոյցի սլաքներուն հետեւելու, անհատնում եւ հաճելի զրուցեցի ու խօսեցայ ահագին թուղթ վատնած եւ գրիչ մաշեցուցած այս հայուն հետ, սրտբացօրէն եւ անկեղծ: Ինք միշտ միտքը անհանգիստ, սիրտն ու հոգին անհամբեր, յաճախ այրող բառերով կը խօսէր: Կը զգայիր, որ իր այդ տարիքին հայու հոգին տակաւին չէր յոգնած: Կը հաւատար հայու վաղուան արեւին: Ինծի համար իսկապէս հարց էր, թէ ինչպէ՛ս պիտի կարենայի լափանցել անոր մտքին մէջ: Ի՞նչ կրնայի ըսել այս հայ մարդուն, Մեսրոպեան բանակի այս կամաւոր զինուորագրեալին, որ յանուն հայ գիրին, շարունակ եւ անսակարկ, քրտինք, հաւատք, օրինակելի կորով թափած էր, որոնց իբրեւ հարազատ արդիւնք  տասնամեակներով եւ յաճախ ալ հոգեկան տառապանք հագած եւ նոյնքան ալ ճառագայթող տողերով՝ արտայայտած: Մէկը, որ իր անձն ու գործը կապած էր իր ժողովուրդին, իր հարազատ Արարատեան երկրին, իր գաղութիւն եւ իր մայրենիի գիրին, մշակոյթին եւ սրտին:

Ահա իր հատորները: Անտառ մը խօսք եւ գործ: Տոքթորը, ազնիւ «տաճառներ» կերտած իր գրիչով, իսկապէս իւրօրինակ դէմք մըն էր: Ահա թէ ինչո՞ւ իր բոլոր խօսքերը, գոյն տուին մտածումներուս: Այդ երեկոյ, կարծես մենք երկուքով կը փորձէինք վերագտնել հայն ու հայութիւնը: Սրտցաւ մերձեցում մը կար մեր ազգային բոլոր ցաւերուն:

Ինք գրական հասունցած տաղանդ մըն էր, անկասկած: Սովորականին մէջ անսովորը տեսնելու կարողականութեամբ՝ գրիչ մը, որ ընթերցողին մօտ իր ստեղծագործ կարողութիւններով, կ’արթնցնէր գիտակցութիւնը: Մէկը, որ պայքարած էր «բան» մը պահելու, իր հասուն բառերու տողերով: Ու վերջապէս, հալէպահայ ներկայ իրականութեան մէջ ամէնէն վաստակաշատ մտաւորականներէն մէկը:

Ու մեր հանդիպման աւարտին, երբ բացայայտեց, թէ իմ հատորներէս ալ ստացած էր, ըսաւ քիչ մը շատ պարզ ու մտերիմ.

—Գիրքերդ, կը խոստանամ կարդալ…. կը կարդամ անպայման եւ կը խօսինք եւ կամ կը գրեմ:

Ապա անկէ ետքն ալ, կարծեմ հո՛ս, մեր մօտ, օր մը իր «տարեդարձը» հրապարակային կերպով յիշատակեցինք, եւ որուն անձնապէս ներկայ գտնուեցայ, համեստօրէն: Ու պէտք է յիշեմ, որ ան իր խոստումը կատարեց, եւ շուրջ տասը էջերու մէջ ամփոփած իր տպաւորութիւնները ինծի ղրկեց, որուն համար օրին երախտապարտ շնորհակալութիւններս առաքեցի:

Իսկ հիմա, այս օրերուն, ահա իր մահուան բօթը կ’ըսէր.-

«Թորանեան ընտանիքի նահապետ, սփիւռքահայ յայտնի գրագէտ, գրականագէտ, արուեստի ու գրականութեան իւրօրինակ դեսպան, բժիշկ, շուրջ երկու տասնեակ հատորներու հեղինակ եւ «Մովսէս Խորենացի» շքանշանի մետալակիր Թորոս Թորանեան՝ իր երկրային կեանքէն հրաժեշտ տուաւ 93 տարեկան հասակին»:

Թէեւ շուարած եմ, բայց ինք գիտակցութեանս առջեւ ներկայ է: Կը փորձեմ կեանքի կոչել, շարել, դասաւորել բոլոր հին ու նոր յուշերս: Կը զգամ, որ մտքիս մէջ իր յիշատակն է, որ կը շրջի տաք, նոյնքան ալ՝ մտերիմ: Ահա, հայ գրող մըն ալ կը հեռանայ, կ’ըսեմ: Հայ գրիչ մըն ալ կը լռէ: Հայ մտքի ու հոգիի շտեմարան մըն ալ իր ստեղծագործ տիրոջմէն կը բաժնուի:

Անուններ կան, որոնք կարծես միասին կը մտածեն: Այսպէս՝ Հալէպ եւ տոքթ. Թորանեան: Երբ անկեղծօրէն մէկուն մասին կը խօսինք, մեր յիշողութիւնը մաքուր ջուրերուն մէջ նաե՛ւ կը յիշէ այն միւսն ալ: Ահա, ա՛յս էր «տոքթորը»:

Սփիւռքահայ գրականութեան մէջ բժիշկ Թորանեան հաստատապէս հայ գիրին ու գրականութեան, հայ մշակոյթի գեղեցկութեան եւ արժէքին խնկարկու հայ մըն էր: Լաւ դիտող մը: Իր սիրտը մշտական նուիրում եւ զոհաբերում եղած էր ազգին եւ անոր զաւակներուն ու հայ գիրին: Այս մէկը իր մտերիմներուն կողքին, կրնանք հաստատել բոլորս ալ:

Օտարամուտ բարքերու ներխուժումի մեր այս օրերուն որքա՜ն կարիքը ունինք արժէքներու, որոնք նոր սերունդին կը ծանօթացնեն հայ մարդու աւանդական դիմագիծի բոլոր կողմերը։ Յստակ է, թէ մարդու մը բնութագիրը իր ամբողջ կեանքի ընթացքին, իր ստեղծած ու ձեռք ձգածն ու բերածն է: Ահա թէ ինչո՞ւ եւ ինչպէ՞ս, իր ստեղծագործութիւններուն ընթերցումներով կը զգաս, որ հրաշալի հոգի մը կայ անոնց մէջ, որ որոշ կորովով նաեւ կ’արձագանգէ մարդոց մտքերուն՝ արդարօրէն:

Հաւատացէ՛ք, բառերս պարզ եւ սովորական խօսքերու չեն նմանիր: Այս տողերը պարզապէս քաղցր ու բարի յուշ մնացած ապրումի մը սկիզբն են: Վերջին հաշուով տոքթորը պարտքը կատարած մարդ մըն էր, որ ճակատագրի բերումով կը բաժնուէր մեզմէ յաւիտեան: Ան իր խղճի հանդարտութեամբ իր հետ ոչինչ կը տանէր, բայց անկասկած կը դրոշմէր յանձնառու հայու, մեծ եւ բազմավաստակ մտաւորականի եւ պարկեշտ հասարակական գործիչի անմեղ եւ յստակ պատկերը:

Մեր առաջին հանդիպման աւարտին, բժիշկ Թորանեանին մաղթած էի այնքան բարիք, որոնք իրաւունք ունին ունենալու իրեն նման բոլոր ընտրեալները:

Իսկ ա՛յս անգամ կ’ըսեմ.- «Յիշատակն արդարոց, օրհնութեամբ Եղիցի»:

Յարգա՛նք, իր հարուստ վաստակին եւ բի՛ւր յարգանք իր բարի յիշատակին։

 

Գէորգ Պետիկեան


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

Wednesday, June 23, 2021

Վախենում եմ

 



Ինչից եմ վախենում։ Գուցե չասե՞մ՝ ինչպես շատ շատերը… բայց լռության կողքին ապրելն էլ մի տղամարդկություն չէ։ Չի ստացվում։ Ծանր է։ Տեսակի խնդիր էլ կա։ Ինչքան էլ ասեն, հերն էլ անիծած, բան չի փոխվելու։ Չէ՛, իսկապես, զարմանալի ոչինչ չկա։ Այս վարակիչը ամենաքիչը մի քանի հազար տարվա կենսագրություն ունի, և մենք լավ էլ ուսումնասիրել ենք դրա ավերող ու կործանիչ բացիլները։ Մեկը մտածե՞լ է, որ դրանք մեզ հանգիստ թողնելու մտադրություն ունեն, որ դրանք կարող են գոյություն ունենալ առանց մեզ։ Չասեք` միամիտ բան ես ասում, եղբա՛յր, չասեք` ձեր մատուցածը քիչ մը հնահոտ է և նոր սերմնացաններին անհասկանալի։ Մեկ է, չեմ համաձայնի։ Ուզեք-չուզեք, ինչքան էլ ձեզ համար անհասկանալի ու տհաճ լինի։


Համարձակ ասեմ՝ ոչ թե վախ է մտել մեջս, այլ այդ վախը միշտ էլ եղել է ինձ հետ. միասին քնել, միասին արթնացել ենք, միասին ուրախացել ենք, ճանապարհ ենք անցել, մի խոսքով, կարճ-կոնկրետ՝ ամեն տեղ միասին ենք եղել, և, օրինակի համար, ոչ մեկը չի կարողացել բաժանել մեզ, գոնե մի քանի օրով հեռացնել իրարից… Լավ-վատ սա է իրականությունն ու անժխտելին… թաքցնելը…
չեմ կարծում, որ ճիշտ է։ Չասե՞մ, որ տարիներ առաջ, օրինակ, վախենում էի, չէ՛, սարսափում էի անտարբերությունից։ Եվ մտածում էի, որ դրա դեմն առնելու համար խիզախությունն ու նվիրումը չեն հերիքելու, որ երբեք չենք համարձակվելու նրան պատերազմ հայտարարել, և նա առանց դիմադրության, առանց կրակոցի զավթելու է մեր երկիրը, մտնելու է մեր քաղաքներն ու շեները և քարուքանդ է անելու մեր մեծ ու փոքր տները… և մեզանից ոչ մեկը այդ հարյուրամյա ճակատամարտում զարկվելու «միամտություն» չի ունենալու…

Ուզում եմ ասել` կրկին կորցնելու ենք, հրաժարվելու ենք ունեցածից, դառնալու ենք անհոտ, անդիմագիծ, օտարված մեկը` անցյալից հեռու, ներկայից դուրս, ապագայից անբաժին…

Հետո՞… վերջից էլ եկող չկա, որ բան ասի, բան իմանանք… օրինակի համար` ասի, որ մի նոր տապան շինելու ժամանակն է, կամ ամեն ինչ դեռևս ջրի տակ է, և աղավնին տեղ չի գտնում ոտքը դնելու…

Վախենում եմ իմ և մերձավորիս արանքում մի ժամանակ բնակություն հաստատած և անընդհատ ընդարձակվող ու նորանոր տարածքներ գրավող նորին մեծություն գիշատիչ ատելությունից։ Ես-ը, թիմ-ը, նոր-ը, նախկին-ը… վերջապես՝ նոր Հայաստանը, հին Հայաստանը… սպիտակասև տագնապ է… սպիտակասև իրականություն… Որտե՞ղ է իմ երկիրը… Ասեք տեղը… իմանամ` ուր է հասել… գնամ աղաչեմ, խոստովանեմ մեղքերս և փորձեմ վերադարձնել, փորձեմ բերել հետս… փորձեմ ոտքի կանգնել…
չգիտեմ, գուցե հաջողվի՞ ապրել… նեղվածք է, օդը չի հերիքում, մեկը գիշերը կողոպտել է մեզ, մենք՝ անտեղյակ… Տատս կասեր՝ տունը գող է մտել…

Ո՞վ է ավելորդը… եղբա՛յր, կա՞ մեր այս պուճուրիկ երկրում մեկը… Ես ամեն օր ու ժամ ինձ համոզում եմ, որ դա հորինվածք է, գայթակղիչ սուտ, որ առանց այդ ինչ-որ մեկի, ուզում եմ ասել՝ այդ ավելորդի, մենք մեր կռիվը տանուլ կտանք, այսօրվա կռիվն էլ, վաղվանն էլ… բոլոր կռիվները… և ոչ մեկը չի վերադառնա մարտադաշտից…

Մեկը կար, գյուղում ապրող մարդ էր։ Ամբողջ օրը գյուղամիջի հարյուր տարվա ծռված նստարանին նստած էր։ Լույսը կաթում էր, նա այնտեղ էր։ Ասում են` մի քիչ լավ չի ծնվել, ուզում եմ ասել` բոլորի նման չէր, և մարդուն մեծ ու փոքր ձեռ էին առնում, ուղարկում ջրի, ինչ-որ մեկին օգնելու, տների առաջն ավլելու, հանդից չվերադարձած մարալ կովերը բերելու… օրինակի համար` այդպես հազար ու մի գործ… Տարիքն առած մարդ էր, բայց էլի ոչ մեկին չէր մերժում, ոչ մեկին չէր կոպտում… էլի երեխայի պես վազում էր ջրի… Եվ երբ մահացավ այդ մեծ երեխան, ուզում եմ ասել` փոխեց բնակության վայրը, գյուղը կարծես դատարկվեց, մարդիկ նկատեցին, որ ջարդվել է ծռված նստարանը, որ հազար տարվա աղբ կա գյուղի փողոցներում, որ մարալ կովերը ամեն օր դառնում են գել ու գազանի բաժին, որ սառը ջուր բերելը դարձել է, ո՞նց ասեմ, տիեզերք նվաճելու նման մի բան…

Եվ մենք հիմա դարձել ենք ավելորդ փնտրող… գյուղերում, քաղաքներում, նույնիսկ ամենափոքրիկ բնակավայրերում այդ գործով ենք զբաղված։ Չասե՞ս` հանգստացեք մի հատ… Չասե՞ս` մեզ ջուր բերող է հարկավոր, զենք բռնող էլ, գիրք գրող, հպարտ ու ուրախ դպրոց մտնող… Չասե՞ս` առանց մարալ կովի դժվար կլինի, շա՜տ դժվար…

Եղբա՛յր, կորցնելուց եմ վախենում։ Սկզբունքս, մտածողությունս, հավատս, բարեկամիս, տնկած ծառս, տաշած քարս… մերձավորիս…

Հիշողությո՜ւնս…

Բայց թաքցնելու բան չկա, ամենաշատը հենց այդ հիշողությունը կորցնելուց եմ վախենում։ Ինչքան մտածում եմ, դա է ինձ պահողը այս օրեցօր փոքրացող արևի տակ, դա է հեռուներից ինձ տուն բերողը, ամենաանհասկանալի օրերին կողքիս պինդ կանգնողը… Օրինակի համար եմ ասում` ես առանց նրա ոչ մեկից չէի տարբերվի, ո՛չ էլ նախապապերիս կճանաչեի, ո՛չ էլ նախապապերս ինձ կընդունեին… ոչ մեկն էլ ինձ ջրի չէր ուղարկի, ոչ էլ կթողնեին ավլել երկրիս ամենահեռավոր ու մոռացված շեների նեղլիկ փողոցները…

Մեր բաժան-բաժան, հատվածային փառաբանությունից եմ վախենում, մեր մեծամտությունից, անընդհատ իրար մեղադրելու, իրար պատերի տակ կանգնեցնելու դաժանությունից։ Ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան երկրից հեռացնող մտածումից…

Լսե՞լ եք` բանակը պաշտպանում է ժողովրդին, ոչ թե ինչ-որ անիմաստ, անհասկանալի բարձունքներ, լճակներ ու մարգագետիններ… Ես չեմ ասել, քաղաքական գործիչն է ասել… Մի՞թե փառահեղ չէ… Կարելի է նույնիսկ ծափահարել…
դարձնել ինչ-որ գեներալի պատմական խոսք… բանականաշինության փիլիսոփայության հենասյուն… ժամանակակից մտածողության հենակետ…

Մի բան էլ ասեմ, չզարմանաք, վախենում եմ ցավը չզգալուց… Ուզում եմ ասել՝ կորցնելու ցավը, չտեսնելու, անտուն ու անզեն մնալու ցավը…

Շուշիում մեկը կար, 1945-ին ոտքերից մեկը թողեց Բեռլինի փողոցներում և վերքածածկ մարմինը հենակների արանքում ճոճելով` բերեց հասցրեց Շուշի։ Հարազատները, բնականաբար, օրերով լաց լացեցին, բախտ բաժանողի հերն անիծեցին, Հիտլերին ամենաքիչը մի հազար անգամ թաղեցին ու հասկացան, որ մի ոտքով էլ կարելի է մարդավարի ապրել, նույնիսկ առանց էն մյուսի էլ… բայց դա չէ կարևորը։ Էդ մարդը մի օր` մի մայիսի 9-ի` մի հանդիպման ժամանակ, երբ, արցունքները հսկայական թաշկինակով սրբելով, սկսեց պատմել էդ անիծյալ պատերազմի մասին, հավաքվածները, չգիտես ինչու, սկսեցին ծիծաղել… սկզբում` առանձին-առանձին, հետո` բոլորը միասին, ողջ դահլիճը…

Եվ գիտե՞ք` ինչ եղավ հետո։ Ասեմ։ Մարդը դադարեց խոսել, տարիներ շարունակ նույնիսկ բարեկամների ու ծանոթների հարցերին չէր պատասխանում։ Ավելին` սկսել էր… ծիծաղել։ Մարդ էր մեռնում` ծիծաղում էր, ծնվում էր՝ ծիծաղում էր… Ծիծաղելով էլ գնում էր հանգուցյալին ճանապարհելու… Ասում են` հարազատ, ամենաքիչը մի 50 տարի հետն ապրած կնոջն էլ է ծիծաղելով հասցրել գերեզմանոց… Եվ երբ մի անգամ բարեկամ-հարազատ-ընկերներով փորձեցին իբր կարգի հրավիրել նրան՝ համարձակվելով բացատրել, որ նման վայրերում ծիծաղելը վիրավորական է, առաջին անգամ առանց ծիծաղի երկու բառ ծանր քարերի նման դրեց իրար վրա.

-Ի՜նչ տարբերություն…

Հիմա ես եմ, պատկերացնո՞ւմ եք, սկսել եմ տեղի-անտեղի ծիծաղել… մի բան, որից ամենաշատն էի վախենում… չնայած… ճիշտ էր ասում մարդը` ի՜նչ տարբերություն…

Նորեկ Գասպարյան

«Դրօշակ», թիվ 6 (1652), հունիս, 2021 թ.

 

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

Հայերէնը կը զուարճանայ (28)

 


            1.Շնորհակալ (եմ, ըլլամ)

                Այս բառը ածական մըն է, որ իբր այդպիսին՝  շատ լայն գործածութիւն ունեցած է գրաբարի մէջ.  կը նշանակէ՝ շնորհ  ստացած, ընդունած, շնորհի արժանացած: «Նոր հայկազեան»-ի բառերով՝ «գոհացող, շնորհահատոյց, երախտագէտ», այս առումով ան կու տայ օրինակներ եւս՝ ծառայ շնորհակալ, կին շնորհակալ, միտք շնորհակալ...      Նկատելի է, որ աշխարհաբարը նման կիրարկութիւն չունի: Մեր արդի լեզուն որեւէ ատեն  շնորհակալ չի կոչեր անձ մը, որ շնորհ ստացած է, շնորհի մը արժանացած է:

            Մեզի համար գոյութիւն ունի շնորհակալ ըլլալ բաղադրեալ բայը՝ «շնորհակալ եմ»  կամ «շնորհակալ կ’ըլլամ» ձեւերու տակ, որ իր կարգին  լայն գործածութիւն ունէր գրաբարի մէջ.

            ---Յոյժ շնորհակալ լինէր նմա  եւ երիցանցն:

            ---Այնպիսեացն ես ոչինչ եմ շնորհակալ:

            ---Գովասանական բանիցդ շնորհակալ եմ:

            ---Ի վերայ մեծամեծաց Աստուծոյ շնորհակալ լինել:

            Հարցը, որ այստեղ քննութեան կ’ուզենք առնել, այս բային խնդրին հոլովն է. այդ  խնդիրները   թաւագրուած են, եւ նկատելի է, որ  բոլորն ալ  տրական հոլով դրուած են: «Նոր հայկազեան»-ի բերած բոլոր օրինակներուն մէջ  թէ՛ շնորհակալ ածականը, թէ՛ շնորհակալ ըլլալ բաղադրաեալ բայը մի՛այն տրական հոլով խնդիր առած են: Ուրեմն  գրաբարը խնդրառական որեւէ շփոթ կամ երկւութիւն չէր պարզեր:

            Բայց ահա կացութիւնը նոյնը չէ...աշխահաբարի մէջ, ուր  «շնորհակալ ըլլալ» բայը հաւասարապէս տրական եւ բացառական հոլով առնելու հակամէտ է.

            ---Շնորհակալ եմ քեզի  եւ քեզմէ:

            ---Շնորհակալ եղայ իրեն եւ իրմէ:

            ---Ան շնորհակալ պիտի ըլլայ մեզի եւ մեզմէ:

            Թաւագրուած խնդիրները հաւասարապէս տրական են եւ բացառական:

            Բացառութիւն չէ այս երկակի խնդրառութիւնը, սակայն ընդհանրացած ալ չէ:

            Այս երեւոյթը աւելի կը հաստատուի հայրենի Լեզուի կոմիտէի հրապարակած 24-րդ յորդորակով, ուր արեւելահայերէնի պարագային եւս կը տիրէ  խնդրառական  նոյն երկւութիւնը.  առ այս տրուած է հետեւեալ օրինակը. «Շնորհակալ ենք  ձեզ[1]/ձեզնից,  որ հետեւում էք մեր խորհրդներին»:

            2. Շնորհակալութիւն (յայտնել)

            Սա իր կարգին կու գայ գրաբարէն, ուր ան  կը կիրարկուէր մի՛այն իբրեւ  գոյական:

            Մինչդեռ աշխարհաբարը  կը թոյլատրէ, որ փոխանակ ըսելու «շնորհակալ եմ»՝ ըսենք մի՛այն՝ «շնորհակալութի՛ւն»,  մանաւանդ եթէ  որոշ մտերմութիւն մը կայ խօսակիցներուն միջեւ եւ կը տիրէ  ոչ-պաշտօնական, ժողովրդախօսակցական ոճ մը,  ուր  այլեւս  դիմաւոր բայ չկայ,  այլ ունինք  անդէմ  գոյական մը  միայն, որ  կը կազմէ բառ-նախադասութիւն մը:

            Այս վերջինը՝ իբրեւ բառ-նախադասութիւն,  չէ կիրարկած գրաբարը:

            Աշխարհաբարի յիշեալ  երկու կիրարկութիւնները՝ անդէմ  եւ դիմաւոր,  հետեւողականօրէն կը պահանջեն  մի՛այն տրական հոլով.

            ---Շնորհակալութի՛ւն քեզի...շնորհակալութիւն կը յայտնեմ քեզի:

            ---Շնորհակալութի՛ւն ձեզի...շնորհակալութիւն կը  յայտնենք ձեզի:

            ---Շնորհակալութի՛ւն իրենց...շնորհակալութի՛ւն յայտնեցէք   իրենց:

            Սա ի՛ր կարգին հաստատուած է արեւելահայերէնհի մէջ, եւ  նոյն յորդորակը կու տայ հետեւեալ օրինակները. «ՇՆորհակալութիւն  ենք յայտնում ձեզ /շնորհակալութի՛ւն ձեզ»:

            Ծանօթ.—Թելադրելի է, որ Լեզուի կոմիտէն «Արմենպրես»-ին սորվեցնէ այսքանը,  վասնզի անոր 18-6-21-ի թողարկումին մէջ կը կարդանք. «Նախագահը  շնորհակալութիւն յայտնեց բոլոր այն քաղաքացիներից...»,-- փոխանակ՝ քաղաքացիներին:

            Ուրեմն իրենց  պատմական հոլովոյթի  ողջ ընթացքին այս բառերն ու բայերը մեր երկու աշխարհաբարներուն մէջ  կրած են  կառուցային եւ  խնդրառական նոյն բարեշրջութիւնը: Ենթադրելի է, որ այս բարեշրջութիւնը  տեղի ունեցած ըլլայ  մեր երկու բարբառներու  ձեւաւորումէն առաջ, թէեւ բացառուած չեն հետագայ ներթափանցումները եւս :   

            Յատկանշական է, որ Ռուբէն Ղազարեանի «Միջին հայերէնի բառարան»-ին մէջ չենք գտներ սերտուած բառերէն ոչ մէկը. կը գտնենք միայն «շնորհընկալութիւն», որ, ճիշդ է,   որոշ չափով կը թելադրէ զանոնք, սակայն ո՞ւր  անհետացած են միւսները եւ ինչպէ՞ս աւելի ուշ վերայայտնուեցան անոնք աշխարհաբարի մէջ:

            Ուրեմն՝

            ---Շնորհակալ եմ քեզի/քեզմէ:

            ---Շնորհակալութի՛ւն քեզի/շնորհակալութիւն կը յայտնեմ քեզի: 

            3. «Կոնգրեսականը  կոչ է արել  արգելափակել Ադրբեջանին տրուող օգնութիւնը»:

            Սփիւռքահայ գրողին աղէկ-գէշ կարելի կ’ըլլայ քիչ մը խօսք հասկցնել, սակայն անդին որակական ոչ մէկ յառաջդիմութիւն կը նկատուի Արարատէն այն կողմ կիրարկուող հայերէնին,   յատկապէս լրագրութեան մէջ: Ամէն քայլիդ սիրտ հատցնող երեւոյթի առջեւ ես, մասնաւորաբար  ընտրական ու նախընտրական այս  ժամանակներուն մէջ, ուր լեզուական արժէքները գլխիվայր շրջուած են:  Յուսահատօրէն կը յուսաս, որ ժամանակը բան մը պիտի բարեփոխէ, սակայն անկոչ հիւրերը կու գան դուռդ թակելու, թէ՝ մենք հո՛ս ենք:

            Ատոնցմէ մէկն է արգելափակել-ը:

            Չեմ կրնար ըմբռնել, թէ մարդուս ձեռքը ինչպէ՞ս կ’երթայ      ըսելու՝ «օգնութիւնը արգելափակել»:  Եղբա՛յր, ինչպէ՞ս կարելի է  արգելափակել...օգնութիւնը:  Բայիս կազմութիւնն ու նշանակութիւնը այնքան  ցայտուն, այնքան խօսուն են, որ  ոչ մէկ խելք  ու երեւակայութիւն կը պահանջէ անդրադառնալու համար, որ կարելի չէ օգնութիւն ըսուածը,-- ի՛նչ ձեւ ալ ունենայ ան,--   արգելարանի մէջ դնել ու վրայէն ալ փակել... իմացաբանական հրէշային  մոլորութիւն մըն է այսպէս մտածելը, գրելն ու հրատարակելը: Արգելափակումի առարկայ կրնան դառնալ մարդասպանը,  ոճրագործը,  գազանը, որոնք զսպումի կամ չէզոքացումի ուրիշ միջոց  չունին:  Եւ դեռ կ’արգելափակէին,-- հաւանաբար կը շարունակուի ալ,-- խենթերը, որպէսզի...չվնասէին  «խելացիներուն», սակայն ոչ ոք եւ ոչ մէկ ատեն արգելափակած է օգնութիւն ըսուածը, ա՛լ ուր մնաց որ Ամերիկեան կառավարութիւնը արգելափակէ իրը:

            Օգնութիւնը...կը դադրեցնեն, կը կտրեն,  կը կասեցնեն ու վե՛րջ:

            Վերինը չի բաւեր, ու տակաւին օժիտիս մէջ ունիմ հետեւեալները.

          «Անօդաչու թռչող սարքերը յայտնաբերելու և արգելափակելու[2] համար եզակի շարժական համալիր է ստեղծուել»:

            «ԱՄՆ-ն արգելափակել է Անվտանգութեան խորհրդի հանդիպումը»:

            Որքա՜ն մաղթելի պիտի ըլլար, որ գտնուէր հնար մը, միջոց մը, որ թոյլ տար արգելափակելու... հայերէնը այսպէս  առաթուր խոշտանգողները, Մակար Գաղիացին ալ  անոնց հետ կամաւոր արգելափակուէր, մինչեւ որ ուզածին պէս կարգի բերէր   այս ու նման  դաւադիրները, որոնց հասցէները ինք բոլորէս աւելի լաւ գիտէ:

            Իր  սիրտը պաղէր, մերն ալ զովանար:

            Պոլսահայերը պիտի ըսէին՝ հովահարուէ՜ր...

            Է՜հ, սիրտին ալ տեսակները կան անշուշտ:



[1]  Արեւելահայերէնի մէջ  տրական  են՝ ինձ, քեզ, մեզ, ձեզ՝ ճիշդ գրաբարի պէս: Ասոնց կը համապատասխանեն արեւմտահայերէն ինծի, քեզի, մեզի, ձեզի:

[2]  Լաւ հասկնանք. արգելափակումը տեղի կ’ունենայ... օդին մէջ շնորհիւ ինչ-որ շարժական համալիրի մը:Այս գրողի բառարանին մէջ չկայ կործանել,  քանդել, չէզոքացնել, որսալ, այլ կայ՝ արգելափակել:

 armenag@gmail.com                                                                                    Արմենակ Եղիայեան

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»