Յայտարարութիւն

Friday, April 22, 2022

ԱՐԴԱՐ ՊԱՀԱՆՋ

 

Սիրելի Ընթերցող,

Ստորեւ կը հրատարակենք Արամ Սարկաւագ Քէթէնճեանի վերջին բանաստեղծութիւններէն «Արդար Պահանջք»ը: Արամ Սարկաւագ «Նշանակ»ի վաղեմի յօդուածագիրներէն է: Կ'ողջունենք իր մասնակցութիւնը Նշանակին:

Շնորհակալութեամբ՝

«Նշանակ»

 ----------------------------------------------------------

Թէկուզ անցած են տարիք,

Սակայն վէրքը թա՛ց է դեռ.

Թէկուզ ունինք հայրենիք,

Բայց Սուրբ Մասիսը՝  անտէր...

 

Մեր ունկերուն մէ՛ջ են դեռ

Վայնասունը մայրերու

Ու բիւրաւոր կեանք հնձող՝

Շառաչիւնը սուրերու:

 

Մեր աչքին  դէ՛մ են, ցնցող

Արիւն, կմախք ու որբեր,

Ծեր ու մանուկ  կոխկռտող

Ձիու անգութ սմբակներ...

 

Մեր ռունքերուն մէջ են դեռ

Դիակի ժահն ահռելի

Եւ հրդեհուած շէներու

Ծուխն ու ողբը վշտալի:

 

Դեռ կը լսուին Եփրատի

Ոսկըրածածկ յատակէն,

Աղերսանքն ու ճիչերը

Ի սպառ շնչատ հայերու...

 

Երբ մեր հողերը ետ գան,

Աւեր գիւղերը շէննան,

Սոխակներու երգին հետ

Մեր փոքրիկները խաղան,

 

 

Երբ որ նազուկ աղջիկներ,

Սասունի  մէջ պար դառնան

Կամ Նէմրութի շուքին տակ,

Երգեն, սիրեն, բերկրանան

 

Երբ խոնարհած «Վարագա»ն

Դառնայ լուսոյ վեհ խորան.

Սուրբ Խաչ վանքի գմբէթին,

Երբ խաչն ապրի յաւիտեան.

 

Անի քաղաքն աւերակ,

Երբ դառնայ բերդ յաղթութեան.

Վանայ լիճը կապտորակ

Կենսատու ծով՝ հայութեան.

 

Ու  Մասիսի կատարին

Երբ եռագոյնը շողայ՝

Ա՛յն ժամանակ մեր վէրքը,

Թուրքին նման, կը չորնայ:

                                 

           Արամ   Քէթէնճեան                                              

«Կարօտ ու բերկրանք» գիրքէն

 

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝