Յայտարարութիւն

Friday, February 12, 2010

Կայարանում - 2 -Մարինէ Մարտիրոսեան

Երկաթագծերին փաթաթվել էին մոլախոտերը, անիվներն էլ ասես անսարք վիճակից էին զնգզնգում: Իբրահիմը տեսավ մի փոքրիկ տղայի, որի ուսից ուսապարկն էր կախված: Նա քայլում էր մեծ դժվարությամբ: Սակայն նրա դեմքի ժպիտը` սահնակի թելից բռնած, մեկ սահում էր, մեկ դողդողում: Սա բավական էր, որ մարդիկ չնայեին նրա գունաթափված կոշիկներին, որոնք միշտ դրվում էին իրարից հեռու: Տղան քայլում էր գնացքին համընթաց: Նրա քայլերից դժվար էր գուշակել` շտապո՞ւմ էր, թե՞ ոչ: Երբ գնացքը կանգ առավ կիսավեր քաղաքի մոտ, տղան դեռեւս քայլում էր: Իսկ հեռվում լսվում էր ինչ-որ մեկի արձագանքը. «Նա է` իր ուսապարկով»: Ապա ձայնը խրոխտացավ, հետո լսվեց մարող քրքիջ: «Նա է… Բռնեք»: Բայց ոչ մեկը չվազեց տղայի ետեւից: Նա քայլում էր ու չգիտեր` շտապո՞ւմ է:

Իբրահիմը գլխարկի տաքությունից զգաց, որ միջօրե է, իսկ այծենակաճը ագահորեն գողանում էր արեւի ոսկին ու ծանրացնում էր ամեն ինչից անտեղյակ Իբրահիմի քայլքը: Նրա ճակատին ջրի կաթիլների հետքեր էին: Ոչխարների մայունից հասկացավ, որ ուր որ է կհասնեն: Իբրահիմը միշտ ընտրում էր ամենալավ խոտն ունեցող սարը: Բայց դեռ մի փոքր էլ պիտի քայլեին, իսկ արեւը կախվել էր ճոճարանից ու ձեռքերով հրում էր ճամփորդներին:

Այդ պահին կայարանում թվացյալ անշարժություն էր: Այնտեղ ամեն բան սկսում է քամուց:

Իբրահիմի շուրթերը չորացել էին: Նա ջուր փնտրող հայացքով ցաք ու ցրիվ նայեց շուրջը: Թեպետ միշտ այդպես են անում, երբ կորցնում են տեղանքում կողմնորոշվելու հատկությունը: Կանաչ հարթությունների ու կապույտ հեռուների միաձուլվող կետերից Իբրահիմը համոզվեց, որ մի քանի քայլից նրանք կհասնեն աղբյուրին: Շատ անգամ է մտածել աղբյուրի մասին` որտեղի՞ց է գալիս, ինչպե՞ս է ծնվում: Նրան սովորաբար հետաքրքրում է ամեն ինչի ծնունդը, բացի մարդու:

-Վաղի~կ, Ռուբի~կ, Բալո~… Հիմա ես մենակ եմ եկել իմ ջոկատով,- կռացավ աղբյուրին, մի հատ չլոմփացրեց, մի կուշտ էլ խմեց, հետո մազերը թրջեց, ապա նայեց վերեւ, որտեղ մի դեղին գունդ կար ու նրան թվաց, թե այն սպառնում է իրեն, որ ընկնի: Իբրահիմի համար դա ծիծաղելի էր, որովհետ— ինքը երբեւէ չի վախեցել, ավելին` նրան միշտ էլ գրավել է ընկնելու տեսարանները: Իսկ նա, թեպետ քիչ անգամներ, բայց ականատես եղել է դրան: Էն ժամանակ Վաղիկի հետ էր ու հենց այս նույն աղբյուրի մոտ:

-Իբրահի’մ, էստեղ եկեղեցի պետք է կանգնի: Հենց էստեղ մենք մոտ ենք վերեւներին: Մեկ-մեկ, երբ ներքեւից նայում եմ, թվում է, թե կարող եմ մի բուռ կապույտ ճանկել:

Իբրահիմի երեսը խոնավացավ. երեւի թաց մազերից թափվող կաթիլներն էին պատճառը, որոնք, չնայած վաղուց չորացել էին:

Նախորդ գարնանն էր, որ Վաղիկը գնաց: Իբրահիմը հիշեց, որ խոստացել էր մի բուռ կապույտ տանել: Ոչխարներն էլ էին ծարավել: Նրանք, աղբյուրից հոսող առվից խմելով, առաջ անցան: Իսկ հովիվ Իբրահիմը նայեց արեւի վարսերին, որոնք, ասես, կնոջ մատների պես խաղում էին ոչխարների բրդի հետ, մխրճվում այնտեղ ու էլ դուրս չէին գալիս: Իբրահիմին շատ անգամ էր գրավել այս տեսարանը, երբեմն էլ ծիծաղեցրել. ախր ոչխարները երբեւէ կնոջ քնքշանքի կարիք չեն զգացել, նրանք պարզապես վայելում են ջերմության ցնցուղը: Մինչդեռ Իբրահիմին թվում էր, թե արեւը աղջիկ է ու իրենք նման են, որովհետու երկուսն էլ միայնակ են: Ոչխարների մայունը նրան արթնացրեց: Ննջել էր, իսկ դա նույնիսկ լավագույն հովվի համար անթույլատրելի է:

Իբրահիմը կրծքի տակ զգաց սուր ծակոցներ: Արդեն որքան ժամանակ է ծակոցները հանգիստ չէին տալիս: Իբրահիմը ձեռքը հանդարտ տարավ դեպի կուրծքը` նրան թվաց, թե այնտեղ ասեղներ կան: Սկսեց ասեղներ որոնել ու անգամ համոզված էր, որ կգտներ: Հետո ձեռքը տարավ շապկի տակ, շոշափեց մազոտ կուրծքը, բայց այնտեղ ամեն ինչ կարգին էր` այն վայրիվերումներով ընթանում էր,ասես, ինքն էր ոչխարներին տանում սարից սար: Սա մտածելուն պես կոկորդում չորություն զգաց: Տհաճ զգացողություն էր. փշե փունջը ամուր բռնել էր կոկորդի խողովակներից:

-Անտանելի արարածներ, որոշել եք ինձ խելքահան անել,-Իբրահիմը տարուբերեց գլուխը, հետո միանգամից քարից բարձրացավ,- թե՞ուզում եք սպանել ինձ: Բայց հենց այստե՞ղ, երբ հրամանատարի կարիք է զգում բանակը: Լավ, պատերա՞զմ եք հայտարարում,- այս անգամ փունջն սկսեց պտույտներ գործել ու նրա բերանը մնաց բաց, իսկ հետո էլի մի քանի ծակոցներ ակորդեցին:

Արեւը հանգիստ գլորվում էր սարից սար: Իբրահիմը չէր սիրում արեւամուտը, սակայն սիրում էր արեւամուտից հետոն` հովը: Սովորաբար նա իրիկունները հավաքում էր ոչխարներին ու սկսում զրուցել: Ոչխարները պոկոտում էին գորգի նախշերն ու ախորժակով ծամում, իսկ քիչ հետո այդպես էլ քնում էին: Միայն Իբրահիմի շունն էր մինչեւ վերջ լսում տիրոջ պատմությունները, որոնք նրա համար օրորոցայինի պես էին: Նա քսմսվում էր ընկերոջ ոտքերին, հետո իր ծանր թաթերը մեկնում առաջ ու ամբողջ իրանով փռվում նրա ոտքերին:

Մթությունը գրավում էր Իբրահիմին, հատկապես, երբ այն հեռուներից եկող քամին էր ամբողջացնում: Նա նկատել էր, որ խավարում հետաքրքիր է տեսնելը` տեսնում ես այն, ինչ ուզում ես:

Իսկ գնացքի սուլիչներն այս կողմերում այնքան լսելի են, որ միանգամից պետք է ականջները խցանել:: Իբրահիմը մթության մեջ տեսավ տղային, որը թեք ընկած վազում էր ու թվում էր, թե երկրագունդն է ծանրացել նրա ուսին: Հանկարծ տղան կանգ առավ երկհարկանի շենքի մոտ: Նա, կարգի բերելով իրեն, մտավ շենք:

-N2 բնակարա՞նն է:

-Ո՞վ է:

-Ներեցեք, տիկին, կբացե՞ք դուռը:

-Մեզ ոչ մածուն է պետք…

-Ոչ, տի…..

-Եվ ոչ էլ շիշ ունենք վաճառելու:

- Տիկին, ես Ձեզ համար նամակ եմ բերել:

- Քեզ նմանններին լավ եմ ճանաչում:

-Բայց….Տիկին….

- Դե լավ-լավ նամակը դիր դռան մոտ, ես կվերցնեմ:

Տղան այդպես էլ վարվեց, հետո բարձրացավ երկրորդ հարկ: Գրեթե ամեն ամիս տարեց ամուսինների համար նամակներ էին գալիս: Նրանք ծանոթ էին փոքրիկ փոստատարին ու համարյա միշտ հյուրասիրում էին:

-Տիկին Լյուսի, այսօր N2 բնակարանի համար նամակ էի բերել, բայց չբացեցին դուռը, ներսում չէին հավատում ինձ: Առաջին անգամ եմ նման դեպքի հանդիպում կամ էլ նրանք էին առաջին անգամ նամակ ստանում:

-Տղաս, նրանք վաղուց էին սպասում նամակի: Այնտեղ մի կին է: Նրա սկեսուրը շատ ջադուն էր` կերավ խեղճ կնոջ միսը:

-Իսկ ամուսի՞նը:

-Նրան մի անգամ եմ տեսել, երբ նոր էին տեղափոխվել այստեղ: Բավականին խելացի տղամարդ էր երեւում: Հենց դրան հաջորդող տարում նա գնաց հեռուներ ու մինչ օրս կինը սպասում է ամուսնուն:

-Մի՞թե նամակը հենց ամուսնուց էր:

-Չգիտեմ, տղաս, ամուսինը կնոջից թաքուն գնացել էր ռազմաճակատ, կնոջն էլ խաբել, իբր արտասահման է մեկնել` աշխատանք փնտրելու նպատակով: Վաղուց է` պատերազմն ավարտվել. կինն այն ժամանակ քսանյոթ տարեկան էր, ամուսինն էլ` երեսուներեք: Եվ կինը դեռեւս հավատում է, որ ամուսինը կգա:

- Տիկին Լյուսի, դա անհավանական է:

-Երեք տասնամյակից ավելի է, ինչ պատերազմն ավարտվել է: Այդ ընթացքում ջադուն էլ մեռավ` հարսին խելաքահան անելով:

-Ասում եք` նա սպասու՞մ է:

- Էն տարիներին սեւ թղթերով լցվեցին փոստարկղերը, այստեղ միայն նրանք չստացան սեւ թուղթը:

-Իսկ նամա՞կը:

-Երեւի որդուց է: Նա գնաց արտասահման ու խոստացավ հաջողության հասնելու դեպքում`գրել:

Տղան նույնիսկ չզգաց, որ պայուսակն արդեն երկար ժամանակ է կախված է ուսից:Նրա համար տիկին Լյուսին միշտ էլ հետաքրքիր զրուցակից է եղել: Նա եւս մեկ անգամ ասաց այս մասին ու արագ հեռացավ: Երբ դուռը փակվեց, տիկին Լյուսին հիշեց, որ տղային չհասցրեց միրգ հյուրասիրել, թեպետ նա միշտ դժվարությամբ է վերցնում: Նա լրիվ մոռացել էր նամակի մասին :Ուշքի գալով` բացեց այն, կարդաց ու աչքերին մի քանի կաթիլ կախվեցին. երկու օր առաջ հեռավոր Արգենտինայում ծնվել էր փոքրիկ Լյուսին:

Իսկ ծանր պայուսակով տղան շարունակեց քայլել: Նրա գանգուրները գլխարկի տակից թռչկոտում էին:

Իբրահիմին օրորում էր հովը: Շունն էլ շարունակում էր հովի հետ խաղալ, նրան թվում էր, թե թաթով կարող է այն բռնել: Իբրահիմը սիրում էր այդ խաղին հետեւել: Ամեն ինչ չէ, որ երեւում է, ու ամեն ինչ չէ, որ երեւալով է գոյություն ունենում: Մուգ կապույտ հետքերով անծիրում այնքան աննշան էր լուսինը: Իբրահիմին թվաց, թե ուր որ է այն կկորչի: Հովը դադարեց փչել, իսկ նորածին լուսինը շարունակում էր կաղալով շարժվել: Հեռվում ինչ-որ տեղ ոռնոց մարեց, Իբրահիմի սիրտը թրթռաց: Ճիշտ է, սկզբից հեռավորությունը ապահովության զգացում առաջացրեց, բայց չէ՞ որ գազանի համար տարածություն գոյություն չունի, հատկապես եթե սուր է արտահայտվում ստամոքսի դատարկությունը: Իբրահիմին վախեցրեց այս միտքը եւ ուզում էր, որ այն լուսնի պես լողա ու կորչի: Այդպես էլ գիշերն անցկացրեց:

Շար . 2

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝