Յայտարարութիւն

Saturday, May 12, 2012

ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ - (Ծաղկաքաղ) 7 - ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - Թարգմանեց՝ Վազգէն Գէորգեան

Ահա կամովին ինքս իմ հանդէպ Եղայ անձնամարտ ու մարմնակործան, Ընդմիշտ մտախաբ ու հոգեկորոյս, Խաստիկ կամակոր, սրտաբեկ ու խենթ, Անզգամ, անմիտ ու խելացնոր, Հայրատեաց ու եղեռնալուր: Բոլոր կողմերից համակ մահաբեր երկունքով լափուած՝ Պիտանի չեմ ես, տէր իմ, ոչնչով ընտիր գործերիդ: Ողբում եմ հիմա այն որովայնը, որ ծնել է ինձ, Այն ստինքները, որ ինձ սնուցին. Ինչու կաթի տեղ ես չծծեցի մակարդուած լեղի, Քաղցրի փոխարէն ինչպէ՞ս չստացայ դառն կերակուր: Եթէ ես ինքս եմ կանգնել իմ հանդէպ Այսքան խօսքերով դժնի դատախազ, Եւ բարկութեանս սուրն է տակաւին անխոնարհելի, Երկրածիններից ո՞վ, ո՜վ, կարող է ինձ ողոքել: Պիտի ծանակեմ, ինչ կայ իմ մէջ, Պիտ պատժապարտեմ էութիւնս ողջ Ողջ գանակոծեմ այս վնասակար գնդերը բոլոր, Պիտի ընդվզեմ անձս խոցոտող բանակների դէմ, Զգայութեանս գլխաւորների պիտի կշտամբեմ: Մեղանչեցի ես ամէն ինչի մէջ Եւ ամէն ինչով, ողորմիր, գթած. Նոր չէ, որ գտար իմ մէջ մառախուղն յանցապարտութեան, Այն նոյնն եմ յաւէտ, մեղապարտութեան նոյն արատներով. Այն կարկատելի ձորձերով ահա նոյն յանցաւորն եմ, կանգնած քո առաջ: Եւ դո´ւ, միայն դո´ւ, իսկապէս գթած, օրհնեալ, մարդասէր, Անայլայլելի քո ներողութեամբ Շտապեցիր ինձ փրկելու համար աջ կողմս կանգնել: *** Տէ´ր, ողորմութեամբ նայիր դառնավիշտ Ու բազմավտանգ ախտ ու կրքերով տանջուած պատկերիս, Որ տարածում եմ ահա քո առաջ. Կարեկի´ց եղիր ինձ որպէս բժիշկ Եւ ո´չ թէ կանչիր դատաքննութեան իբրև դատաւոր: Արդարև, մեծ է ցաւն ու վտանգը Վարանումների ու տագնապների, Երբ որ մարմինդ մեղքով է լափուած, Իսկ ինքդ դարձեալ դժնի գործերից մեկուսացուած չես. Պարաւանդուած է կամքդ մոլեկան ցանկութիւններով. Բաղադրութիւնն ամբողջ զանգուածիդ Շաղախուած է լոկ կրքով մահաբեր. Սրտիդ խորքերով զգում եմ միայն խայթերը խոցոտող. Անհետացել է ակնկալութիւնն ամէն բարիքի. Երբ որ բանական լինելով հանդերձ՝ Դասուած են կարգը անասունների. Ողջ գոյութեանդ շարամանուած է զազիր գարշութիւն. Արտաքուստ ՝ առողջ, վիրաւորուած եմ սակայն ներքնապէս: Յուսահատուած ես յաւիտենաբար Ծանր յանցանքներիդ յիշատակներով. Տագնապախռով ու տարակուսուած՝ նախագործածից. Աղերսանքներիդ յստակութիւնն է իսպառ պղտորուել Ու ճենճերուած ես միշտ չարակասկած տուայտանքներով. Երբ ձեռքդ մաճին՝ ետին թողածն ես դարձեալ որոնում. Հայեացքդ դէև ուղղուած է առաջ, Ոտքերով սակայն ընկրկում ես ետ: Էականներին լինելով հասու՝ Անէներից ես խաբուած շարունակ. Մտամարտութեան ժամին պարտուած ես չքոտիներից: Սրտիդ թառանչից հագագիդ ելքն է լափուած հրդեհով. Խոնաւութիւնն է ցամաքել քիմքիդ բոլոր մասերում. Բոլոր կողմերից պարփակուած ես լոկ միգով անարև, Ու սեղմուել է քեզ ընդհուպ հորիզոնն ակնկալութեան: Երբ անտանելի տառապանքներն են աչքերիս առաջ. Թշուառ կորուստն ես միշտ մտաբերում. Դատակնիքն է դաժան հատուցման Մտքիդ մատեանում արձանագրուած: Երբ բարերարի աչքն է երևում միշտ ցասումնալից. Հողազանգուածիս դէմ զայրագնած է լոյս բնութեամբ. Ահեղութիւնն է իմ ընդհարուել Մարդկային փոքրիկ բնութեանս հետ. Բարկութեամբ է միշտ որոտում ընդդէմ մոխրիս բանական Եւ կոշկոճում է իր արդարութեան Քարերով մահուան արժանաւորիս: Ու երբ տաղանդս եմ կորցրել այստեղ անկարութեամբ. Պատուական ձիրքս իբրև անարգ բան թաղել եմ հողում. Քնութիւններիս արգասիքը ողջ Ծածկել եմ թանձր մութով ծուլութեան, Որն իբրև հեռու տարուած, չքացած Մի ճրագի լոյս էլ չի երևում: Իրաւազրկուած լեզուս է դարձել համր ու կարկամ. Պապանձ են արդար դատապարտութեամբ շուրթերս անհամբոյր: Յուզումնածուատ մտքերս են ցնդել. Եւ յիմարացած՝ ո´չ հասկանում եմ օգուտը կեանքիս, Ո´չ էլ հասու եմ բարու ընտրութեան: Ընթացքիս ելքն է չարից խափանուել, Եւ վառարանը իւղիս լցուած է հնոցի մոխրով: Անունս է ջնջուած կեանքի մատեանից, Ու երանութեան փոխարէն՝ այնտեղ Արձանագրուած միայն կշտամբանք: Շար . 7 «»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝