Յայտարարութիւն

Friday, May 11, 2012

Դաժան դասեր - Վ. Մարինոսյան.

Ճիշտ բնորոշած է ու վերլուծած Մարինոսեան Հայաստանի մէջ տեղի ունեցած վերջին ընտրութիւնները : Ե՞րբ պիտի ամչնանք... «Նշանակ» »«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»« Ահա և ամեն ինչ ավարտվեց: Ոչ միայն ընտրությունները: Պատրանքները ևս վերջ ունեցան: Գուցե լավն էլ հենց դա է: Ժամանակն է, որպեսզի դաժան դասերը վերլուծենք: 1.Իշխանություններն այնքան են կատարելագործել ընտրակեղծիքների մեխանիզմը, որ տեղի ունեցածն արդեն ոչ թե սովորական կեղծիք է, այլ լայնածավալ բեմադրություն՝ պետական ամբողջ ճնշապարատի, հեռուստատեսության, թերթերի, տեղական և արտասահմանյան սոցիոլոգիական (և ոչ միայն) ծառայությունների, միջազգային կազմակերպությունների կույր և խուլուհամր դիտորդների և զանգվածային տեսարանների համար վճարված առնվազն մեկ միլիոն կամակատար ստատիստների ներգրավմամբ: 2.Բուն իշխանության անատոմիան նույնպես լուրջ փոփոխություններ է կրել, որոնք անհրաժեշտ են սեփական դիրքերն ամրապնդելու փառահեղ խնդիրն իրականացնելու համար: Նախորդ ընտրություններից մեզ ծանոթ բոլոր մեքենայությունները ոչ միայն նոր ծավալներ են ստացել, այլև ոսկերչական կատարելագործման հասցվել: Չէ՞ որ նախընտրական կաշառքներ առաջ էլ էին բաժանվում, բայց դրանք ոչ միշտ ու ոչ ամբողջությամբ էին հասնում հասցեատիրոջը՝ ընտրողներին կաշառելու համար նախատեսված՝ վերևից հատկացված գումարների զգալի մասը մնում էր ագահ և անհեռատես թաղային ,,հեղինակությունների,, գրպաններում, որոնց հանձնարարվում էր բնակչության հետ աշխատանքներ տանել: Բնակչությունը դժգոհում էր, ահա և ստիպված էին վայրի մեթոդներ գործածել՝ քվեաթերթիկների լցոնում, քվեատուփերի գողություն, արձանագրությունների կոպիտ կեղծում, ծեծուջարդ և այլն: Իսկ հիմա կառավարման սխեմայի կատարելագործման և կաշառքի համար ծախսված աննախադեպ մեծ գումարների շնորհիվ հնարավոր դարձավ իրականացնել հասցեական վճարը՝ յուրաքանչյուր ընտրողի: Այդպիսով ստացվեց պահանջված արդյունքը՝ իշխող կոալիցիայի կուսակցությունները, որոնք իրենց վստահված երկիրը հասցրել են տնտեսական գրեթե լիակատար քայքայման, սոցիալական աղետի, քաղաքական փակուղու և բարոյական հետընթացի, կարողացան վերարտադրել իրենց իշխանությունը՝ վախեցնելով, շանտաժով, ուռճացված ընտրացուցակներով, կրկնակի կամ բազմակի քվեարկությամբ, փողեր բաժանելով, էժանագին բջջային հեռախոսներով, ակնոցներով, ջեմով, կրակայրիչներով և զանազան նմանօրինակ հիմարություններով՝ ձեռք բերեցին հարյուրհազարավոր մարդկանց քվեները: 3.Որ սա պարզապես ազգային խայտառակություն է՝ նույնիսկ ասել չեմ ուզում: Գուցե մի օր հիշողությունը բարեգութ գտնվի և թույլ տա ջնջել ամոթի զգացումը: Բայց անհնար է անտեսել այն փաստը, որի ականատեսը եղանք բոլորս՝ Հայաստանի գործադիր իշխանությունն ապացուցեց, որ ինքը հասարակությունն ու պետությունը կառավարելու լծակները միշտ օգտագործելու է իր իսկ վերարտադրման համար, որ ամբողջությամբ ու լիովին վերահսկում է ցանկացած ընտրական գործընթաց՝ այն վերածելով կեղծիքի և իմիտացիայի, և որ ինքը քաղաքական մրցակցող ուժերի կամ ծրագրերի միջև անկողմնակալ մրցավարի դերում չէ, այլ խաղում է հանուն իր շահերի և երբեք ու ոչ ոքի չի զիջի իր դիրքերը: 4.Իշխանությունը հասել է կոսմետիկ բարեփոխումների այն սահմանին, որը հատելը համընդգրկուն հսկողության լծակները կորցնելու վտանգ է պարունակում: Այլևս ոչ մի բարեփոխում նա չի անի և ի վիճակի էլ չէ, քանի որ դա կնշանակեր հասարակությանը իշխանափոխության իրական լծակներ տալ: Տարբեր անձնագրերից տարբեր արագությամբ անհետացող կնիքների այդ բոլոր թանաքները, բազմակուսակցական ընտրական հանձնաժողովները, տեղամասերում տեղադրված տեսախցիկները, թափանցիկ քվեատուփերը, տարատեսակ դիտորդները, Ընտրական օրենսգրքի փոփոխությունները՝ յուրաքանչյուրն առանձին-առանձին և բոլորը միասին, կներեք արտահայտությանս համար, կատարյալ տխմարություն է: Ընտրական գործընթացի, ուրեմնև իշխանության ձևավորման վրա հասարակական իրական հսկողությունը վերականգնելու միակ միջոցն իրավացիորեն ախտորոշել էին դաշնակցականները՝ Հայաստանի դեպքում դա մեծամասնական ընտրությունների ինստիտուտի վերացումն է և քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հասանելիությունը: Սակայն հենց այդ հարցում է, որ իշխանությունները համառորեն ոչ մի զիջում չարեցին: Ճիշտ է՝ իշխանավորների անսկզբունքային կամակատարները դա պատճառաբանում էին ինչ-որ ,,ժողովրդավարական սկզբունքներով,, միջազգային փորձագետների ինչ-որ եզրակացություններով, բայց միանգամայն հասկանալի էր՝ իշխանությունը հասել է իր համար անվտանգ զիջումների առավելագույն սահմանագծին և այլևս ոչ մի քայլ չի անի: 5.Ամենավատն այն է, որ հասարակությունը վեր է ածվել իշխանության հանցակցի: Այդ հանցագործությունը կոչվում է իշխանության բռնատիրում, որի համար համապատասխան պատիժ է սահմանված: Բայց երբ այդ հանցագործության մեջ խորամանկորեն ներգրավված են բնակչության ամբողջական շերտեր, այն այլևս այնքան չարագույժ չի թվում, որպիսին Քրեական օրենսգիրքն է նկարագրում: Մեր հասարակությանը երկար ու նպատակամետ ուղղորդել են դեպի պետական իրավագիտակցությունից իսպառ հրաժարում, օրենքի, ազգային և քաղաքացիական միասնության զգացման փոխարինում գողական հասկացություններով, հովանավորչությամբ և քրեական կապերով: Հիմա արդեն իրենց նպատակին հասել են: Հիմա, թանկագին հայրենակիցներ, բոլորն ասես ավազակախմբում լինեն՝ առաջնորդի խոսքն օրենք է, և ձեր իրավունքների մասին ծպտուն հանելու համար ուշ է՝ ինքներդ եք կեղտոտված, իսկ Սահմանադրությամբ կարող եք վառարանները տաքացնել, երբ կկտրեք վերջին անտառները: Ուզում էի արդեն անցնել հաջորդ կետին, բայց հանկարծ մտածեցի, որ այս ամենը կկարդա իրավաբանական կրթությամբ ինչ-որ կեղծ մտավորական (հիմա այդպիսիք շատ են ռեժիմին ծառայողների շարքերում) և կառարկի՝ ահա, տեսնո՞ւմ եք՝ մեր հետամնաց ժողովուրդն է մեղավոր, իրենք էին, չէ՞, կաշառքների համար կամավոր հերթ կանգնում: Դե ուրեմն՝ քվեարկել են կամավոր: Դե թող կաշառք չվերցնեին, թող քվեարկեին ըստ խղճի, գիտակցաբար, ազնվորեն: Մի խոսքով` մեր ժողովրդական մտածողությունն է վատը: Մենք դեռ չենք հասունացել ժողովրդավարության համար: Ու դեռ կսկսեն ընդդիմության ոսկորներն աղալ՝ իբր մեր ընդդիմությունն է վատը, ո՞ւր էր թե Ֆրանսիայի կամ Դանիայի նման ընդդիմություն ունենայինք: Հետաքրքիր է ստացվում՝ Ֆրանսիայի նման ընդդիմություն են պահանջում, ճապոնացիների նման ժողովուրդ, իսկ իշխանությունները թող մնան այնպիսին, ինչպիսին կան՝ անգրագետ, ագահ, գավառային և ավազակային սովորություններով: Այդպե՞ս է: Ոչ, բարեկամներ, այդպես չի լինում: Ոչ մի դարավոր, ձևավորված ազգային մտածողություն էլ չկա, ազգերն ի սկզբանե ծույլ կամ աշխատասեր, վախկոտ կամ քաջ, ազնիվ կամ գող չեն լինում: Նրանք պատմական տարբեր պահերի տարբեր են լինում: Ինչո՞վ է դա պայմանավորված: Միայն և միայն կառավարողներով: Նրանք են լինում իմաստուն կամ անհեռատես, անկաշառ կամ ագահ, անտարբեր պաշտոնամոլներ կամ անձնվեր հայրենասերներ: Իշխանության ազդեցությամբ ազգային վերափոխումների օրինակները պատմության մեջ շատ են՝ Նապոլեոն Բոնապարտի օրոք ֆրանսիացիները հպարտորեն քայլում էին Եվրոպայով, հեշտությամբ հաղթելով պրուսացիների, ավստրիացիների, ռուսների բանակներին, իսկ երկու սերունդ անց անտաղանդ կառավարիչների պատճառով Ֆրանսիան հայտնվում է կործանման եզրին: Ընդամենը մեկ սերնդի կյանքի ընթացքում հրեաները մեկ հլուհնազանդ դեղին աստղեր էին ասեղծանգործում իրենց հագուստի վրա և գլխիկոր գնում դեպի գազախցեր, մեկ էլ հանկարծ կենսունակ ամուր պետություն են ստեղծում, անվախ պայքարում հանուն նրա և իրենց կամքը թելադրում ոչ միայն հարևաններին, այլև ամբողջ աշխարհին: Ի՞նչ է՝ նրանց մտածողությո՞ւնն է փոխվել: Այո, իսկ ո՞վ է փոխել: Բեն Գուրիոնը, Գոլդա Մեիրը և Մոշե Դայանը: Թուրքական յաթաղանին հնազանդ և ռուս պաշտոնյաներին շողոքորթող հայերը, ստանալով արժանի ղեկավարություն, կյանքի ու մահու կռիվ տվեցին Սարդարապատում ու վերականգնեցին իրենց պետականությունը: Ո՞վ ոտքի կանգնեցրեց նրանց, արթնացրեց նրանց քաջությունը և սեփական արժանապատվության զգացումը: Արամ Մանուկյանը, Դրոն, Ռուբեն Տեր-Մինասյանը և ուրիշներ: Թայվանում չինացիները Գոմինդանի իշխանության ներքո կառուցեցին ազատ և ծաղկուն հասարակություն, իսկ մայրցամաքային Չինաստանում կոմունիստների իշխանության ներքո դիմացան մշակութային հեղափոխության սարսափներին ու միլիոններով մահացան սովից: Մի՞թե Ֆրանսիայում, Արգենտինայում կամ ԱՄՆ-ում ընտրություններին մասնակցող հայերը վաճառում են իրենց ձայները, խրձով քվեաթերթիկներ լցոնում, գողանում արձանագրությունները կամ ուրիշի փաստաթղթերով քվեարկում: Ոչ, նրանք նման բաներ չեն անում, քանի որ իշխանությունը դա չի ստիպում: Ժողովուրդն այնպիսին է, ինչպիսին նրան դարձնում է իշխանությունը՝ իր նմանությամբ ու կերպարով: Եվ ոտնահարված հոգով այդ ժողովուրդն իր մասնակցությամբ փուլ առ փուլ նպաստում է իշխանության վերարտադրմանը: Մեր հասարակության հիմնական անելիքն այդ արատավոր շղթան կտրելն է՝ երկիրը չհասցնելով այնպիսի ցնցումների, որոնք կարող են որոշ հարևանների համար գայթակղությունների և երազանքների հիմք դառնալ: Ինչպե՞ս հասնել դրան և արդյո՞ք դա հնարավոր է. մենք այս խոսակցությունը դեռ կշարունակենք: Վ. Մարինոսյան «»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝