Յայտարարութիւն

Tuesday, June 9, 2009

ԿՈՄԻՏԱՍԻ ՀԵՏ - 6

Մտքիս մէջ մնացել են մասնաւորապէս մի քանի պտոյտներ Կոմիտասի հետ։

Այսպէս, Խաչիկ վրդ. Գատեանը նոր էր ձեռնարկել Զուարթնոցի պեղումների աշխատանքներին։ Մի օր էլ լուր տարածուեց, թէ Խաչիկ վարդապետը Զուարթնոցի մի սեան տակից երեւան է բերել... Գրիգոր Լուսաւորչի մասունքը։ Վանքում ահագին իրարանցում սկսուեց այդ առթիւ. հին միաբանները երկիւղածութեամբ պատրաստւում էին գոհաբանական մաղթանք կատարել Զուարթնոցում։ Գերմանական ուսում առած վարդապետները վրդովուած էին Խաչիկ վարդապետի սրբապիղծ արարքի համար։ Ուխտաւորներ էին հաւաքւում նորագիւտ նշխարներին երկրպագելու։

Ու մի օր Կոմիտասը մեզ տարաւ Զուարթնոց։ Նա էլ կասկածամիտներից էր, հեգնում էր հաւատացողների միամտութիւնը. լաւ խօսք չունէր ե՛ւ Խաչիկ վարդապետի հասցէին։ Եւ իսկապէս, Խաչիկ վարդապետի արածը չարաշահութիւն էր. նա ոչ մի մասունք չէր գտել, ի հարկէ, բայց մասունքը շահաբեր աղբիւր էր նրա համար։ Ճիշդ այն սեան մօտ, որի տակից, իբր թէ, գտնուել էին նշխարները, նա դրել էր մի Աւետարան եւ մի ղուրան։ Գիւղերից եկող հայ եւ մահմեդական ուխտաւորները երկիւղածութեամբ դիտում էին մետաքսէ թաշկինակի մէջ փաթաթուած «նշխարները», ըստ դաւանանքի համբուրում էին Աւետարանը կամ ղուրանը եւ դրամ տալիս Խաչիկ վարդապետին։ Այս վերջինը, որ նախկին ոստիկանապետ էր եւ գիտէր բռնել ժողովրդի թոյլ դամարը, հայերի համար հայերէն, իսկ մահմեդականների համար թուրքերէն պատմութիւններ էր անում նշխարների հրաշագործումի մասին։ Պէտք է ասել, որ Հայրիկն էլ գնաց նշխարները տեսնելու, եւ այդ այցելութիւնից յետոյ, Խաչիկ վարդապետը այլեւս չհամարձակուեց իր գիւտը շահագործելու։

Հետաքրքրական մարդ էր այդ ղարաբաղցի վարդապետը։ Նա սեփական ջանքերով երեւան հանեց Զուարթնոցի հողով ծածկուած աւերակները եւ հնարաւորութիւն տուեց Թորամանեանին վերականգնելու հայ ճարտարապետութեան այդ գոհարի իսկական պատկերը։ Զուարթնոցը դարձաւ նաեւ Խաչիկ վարդապետի համար հասոյթի աղբիւր։ Նրա շուրջը տնկեց ծառեր եւ աւերակները վերածեց մի տեսակ անձնական ագարակի, ուր ապրում էին ինքը եւ ազգականները։ Վանքի սեփականութիւն դարձրեց նաեւ շրջակայ հողերը եւ հարեւան գիւղացիներից տուրք էր գանձում նրանց տաւարը արածացնելու համար. խոշոր անասուններից 20 կոպէկ ամսական, ոչխարներից 5 կոպէկ, իսկ էշերը՝ ձրի։
– Հայր սուրբ, էշի համար ինչո՞ւ փող չես վերցնում, հարցնում էինք մենք։
– Քէ մատաղ, ես իմ հայրենակիցների՞ց էլ փող առնեմ, պատասխանում էր նա խնդալով։

Կոմիտասի հետ մանրակրկիտ դիտեցինք Զուարթնոցի աւերակները։ Դեռ այդ ժամանակ յայտնի չէր, թէ ինչ հրաշալիք է եղել Ներսէս Կաթողիկոսի այդ ձեռակերտը, բայց քարերը իրենց նուրբ քանդակներով հիացում էին պատճառում։ Մանաւանդ, գեղեցիկ էին այժմ այլեւս ամէնքի ծանօթ արծիւը, խաղողի ողկոյզները, նուռերը – հայ ճարտարապետութեան աննման գանձերը։

Հողի տակից հանուել էր մարմարեայ մի տախտակ, որի վրայ յունարէն գրուած էր Ներսէս Շինեց։ Խաչիկ վարդապետը թարգմանում էր.– Ներսէսը շինեց, Խաչիկը վերաշինեց։ Կոմիտասը քահ-քահ ծիծաղում էր։

Կոմիտասը շատ էր սիրում Խաչիկ վրդ.ի «օյինբազութիւնները», բայց գնահատում էր նրա գործը եւ հաճոյքով խօսում էր այդ լեզուանի վարդապետի հետ։

Խաչիկ վրդ.ի խնդրանօք մի քանի երգ էլ երգեցինք եւ զուարթ տրամադրութեամբ վերադարձանք Ճեմարան։

Մի ուրիշ անգամ, Կիրակի առաւօտ կանուխ, Կոմիտասը մեզ տարաւ Օշական՝ ուխտի Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին։ Բաւական տարածութիւն ոտքով անցանք Արարատեան քարքարոտ դաշտով։

Հիանալի է Արարատեան դաշտը, մանաւանդ, վաղ առաւօտեան, երբ արեւը նոր է սկսում ծագել։ Նօսր մշուշի միջից մի կողմ կանգնած է վիթխարի Մասիսը, իր կողքին փոքր ընկերը։ Զարմանալի է Հայոց Աշխարհի այդ սրբազան սարը, որի նմանը ես ոչ մի տեղ չեմ տեսել։ Խարիսխն ու բարձունքը այնքան համաչափ ու ներդաշնակ։ Վեհ կեցուածք, ձիւնապատ գագաթ, յաճախ ամպերի շուրջառով պարուրուած։ Գերբնական խորհրդաւորութիւն կայ այդ փառաւոր պատկերի մէջ։ Մէկ անգամ տեսնելուց յետոյ, երբեք կարելի չէ մոռանալ Հայոց Աշխարհի Նահապետը։

Միւս կողմը քառագագաթ ու մշտազուարթ Արագածը։ Հայ գիւղացուն հաց ու երջանկութիւն պարգեւող ջրառատ ու ծաղկազարդ լեռը։ Զուր չէ, որ նրա գագաթին է կախուած Լուսաւորչի կանթեղը, որի հովանու ներքեւ դարեր ու դարեր ապրել է Հայոց Աշխարհը։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ ՎԵՑ
«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝