Յայտարարութիւն

Friday, October 30, 2009

ՊԱՐԳԵՒԱՏՐՈՒՄ «ԱԶԱՏ ՀԱՅ» ԿԱՅՔԷՋԻ

Սիրելի Ընթերցող,

«Նշանակ» ի համար մեծ ուրախութիւն է և հպարտութեան առիթ՝ կարդալու այն Պատուոյ Գիրը որ տրուած է ԱԶԱՏ ՀԱՅ կայքէջի հիմնադիր և գլխաւոր խմբագիր Հրաչ Քալսահակեանին: Ստորև՝ 23 Հոկտեմբերին «Ազատ Հայ» էն արտատպուած պարգևատրման լուրը ինչպէս նաև մեր ուղարկած շնորհաւորանքի արտայայտութիւնները «Ազատ Հայ»ին և Հրաչ Քալսահակեանին:Ձեր քաջալերանքի խօսքը ըսելու համար կրնաք այցելել www.azad-hye.net

«Նշանակ»


«»«»«»«»«»«»«»«»«»«»»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«
23 Հոկտեմբեր 2009,

Սիրելի՛ Հրաչ,

Սփիւռքի Նախարարուհին ճիշդ եւ արդար որոշում առած է պատուոյ գրով պատուելու քեզ եւ «Ազատ-Հայ» կայքէջը: «Ազատ-Հայ»ի ներդրումը մեծ է Մերձաւոր Արեւելքի տեղեկատուական հետեւողական աշխատանքին, ինչպէս նաեւ հայկական երեւոյթներու ազատ վերլուծման եւ անոնց մասին անկաշկանդ արտայայտութեան գործին մէջ:

Ազատ-Հայի գոյութիւնն ու անոր շարունակականութեան ապահովումը քու անձնական ճիգերուդ շնորհիւ են միայն: Ուրախ եմ, որ տարիներու անվհատ աշխատանքդ աննկատ չէ անցած հայրենի ղեկավարութեան կողմէ եւ արդէն «Ազատ-Հայ»ը կը ճանչցուի որպէս հաստատութիւն՝ կողքին «Ազդակ»ի, «Առավօտ»ի, «Ազգ»ի նման լուրջ հայկական թերթերու: Ժամանակն է արդէն որ «Ազատ-Հայ»ը դառնայ լրատուական եւ հասարակական հաստատութիւն՝ բառի ամբողջական իմաստով: «ՆՇԱՆԱԿ» կայքէջի եւ անձնապէս իմ կողմէս ընդունիր ամենաջերմ շնորհաւորութիւնները:

Նշան Պասմաճեան

www.nshanag.com


<<><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><<>




Ազատ-Հայ տեղեկատուական կայքը պարգեւատրուեց հայ մամուլի օրուայ առթիւ


ՀՀ սփիւռքի նախարարութեան պատուոգրեր` հայկական լրատուամիջոցներին եւ Հայաստանի ժուռնալիստների միութեան նախագահին

Հոկտեմբերի 16-ին, Հայ մամուլի օրուայ առթիւ, Երեւանի պետական համալսարանում ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը նախարարութեան պատուոգրեր յանձնեց Հայաստանի «Ազգ» (գլխաւոր խմբագիր Յակոբ Աւետիքեան) եւ «Առաւօտ» օրաթերթերին (գլխաւոր խմբագիր Արամ Աբրահամեան), Լիբանանի «Ազդակ» օրաթերթին (գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեան), Ամն-ի «Արմինիըն Օբզերուըր» շաբաթաթերթին (գլխաւոր խմբագիր Օշին Քեշիշեան), Արաբական Միացեալ Էմիրութիւնների «Ազատ-Հայ» տեղեկատուական կայքին (հիմնադիր-խմբագիր Հրաչ Քալսահակեան), Ուկրաինայի «Անալիտիկայ» լրատուական-վերլուծական կենտրոնին (ղեկավար Մարատ Յակոբեան) եւ Հայաստանի ժուռնալիստների միութեան նախագահ Աստղիկ Գէորգեանին: Լրատուամիջոցներին պատուոգրերը շնորհուել են Հայաստան-սփիւռք գործակցութեան զարգացման եւ Սփիւռքում հայ ինքնութեան պահպանմանն օժանդակելու, իսկ Ա.Գէորգեանին` երկարամեայ լրատուական, հասարակական-քաղաքական լայնածաւալ գործունէութեան համար:

ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը հպարտութեամբ ընդգծեց, որ հայ ժողովուրդն ունի 215-ամեայ մամուլ, ինչպէս նաեւ` որ հայոց «պետականութեան կայացման պայմաններում հայ լրատուութիւնը, հայ մամուլը եկաւ ամբողջացնելու եւ գրելու մեր պատմութիւնը, եկաւ նաեւ լուրերով, տեղեկատուական հոսքերով կրթելու, հզօրացնելու, հասունացնելու հասարակութիւնը»: Նա ցանկութիւն յայտնեց, որ լրատուամիջոցները հաւասարակշիռ խօսքով, օբյեկտիւօրէն վերլուծելու կարողութեամբ հայ հասարակութեանը ներարկեն հպարտութիւն, հայրենասիրութիւն, սէր, հզօրութիւն, վստահութիւն ապագայի, անկախ հայոց պետութեան նկատմամբ:

Նախարարի բնորոշմամբ, Սփիւռքի հայ մամուլի «աշխատակիցները դառնում են պետութիւն մեր հայ համայքների համար: Նրանք են, որ մեր հայ գիրը, բառը, միտքը հասցնում են հայ համայնքին, Սփիւռքին: Ես դրա համար անսահման երախտապարտ ու շնորհակալ եմ հայ գիրը ստեղծողներին, լրագրողներին, խմբագիրներին, տարածողներին, եւ, ի հարկէ, նաեւ հովանաւորներին, որովհետեւ հովանաւորների օգնութեամբ է նաեւ, որ հայ լրագիրը, մամուլը կարողանում են գոյատեւել Սփիւռքում»:

Հայ մամուլի օրը 2004 թուականից նշւում է հոկտեմբերի 16-ին. 1794թ. նոյն այս օրը Մադրասում լոյս տեսաւ առաջին հայ պարբերականը` «Ազդարար» հասարակական-գրական ամսաթերթը: Այն այժմ լոյս է տեսնում որպէս գիտամշակութային միջազգային հանդէս: Ինչպէս նշեց Ա.Գէորգեանը, Հայաստանի ժուռնալիստների միութիւնը մինչեւ 2004թ. ՀՀ Ազգային Ժողովին մի քանի անգամ դիմել է Հայ մամուլի օր սահմանելու խնդրանքով, սակայն դա տեղի ունեցաւ միայն, երբ հարցը բարձրացրեց ՀՀ ԱԺ հարցերով գիտութեան, կրթութեան, մշակոյթի եւ երիդասարդութեան հարցերի մշտական յանձնաժողովի այն ժամանակուայ նախագահ Հրանոյշ Յակոբեանը:

Արարողութեան ժամանակ յանձնուեցին նաեւ Հայաստանի ժուռնալիստների միութեան «Ազդարար» կոչուող 6 մրցանակներ:

Աղբիւր՝ www.hayernaysor.am կայք, 16.10.2009



--------------------------------------------------------------------------------


ՀՀ սփիւռքի նախարարութեան տեղեկատուութեան եւ հեռահաղորդակցութեան վարչութեան կողմէ հետեւեալ նամակը ստացած ենք՝

Հարգելի պարոն Հրաչ Քալսահակյան,

Սիրով Ձեզ ենք հայտնում, որ հոկտեմբերի 16-ին, Հայ մամուլի օրվա առթիվ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից Դուք պարգեւատրվել եք Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման եւ Սփյուռքում հայ ինքնության պահպանմանն օժանդակելու համար պատվոգրով:

Հարգանքներով`
ՀՀ սփյուռքի նախարարության
Տեղեկատվության եւ Հեռահաղորդակցության վարչություն
Տիգրան Հարությունյան
Երևան, 16.10.2009




«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝