Յայտարարութիւն

Monday, January 16, 2012

Թերթօն 4 - Մեր Հոգսերի Ձմեռը...1993 Թիվը - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Պարապության ձիգ օրեր էին, կարեւոր չէր, թե' որտեղ պիտի լինեի'ր: Միեունույն էր , վերեւներում անում էին ամեն ինչ, որ ամեն պահ զգայիր դո'ւ ավելորդ ես, դո'ւ պիտի հեռանաս , կամ էլ քարանաս:
Իսկ մենք` հարկի~, անհարկի~, պարծենում էինք մեր անցյալով, չէինք հիշում անգամ` ԽԻԿԱՐԻՆ:
Խիկարն էր դարերի համար գրել.
-«Բերաննին միշտ լեցուն է , բայց փորերնին միշտ պարապ»:
Ո՞վ չգիտե, անցյալով պարծենալը դեռ չի' նշանակում` ներկան կլավանա, կդառնա հրաշալի, թեկուզ` ոգեկոչումի շնորհիվ մեծերի փառքի ցոլքերը կհասնեն մեր օրերը, կլուսավորեն համատարած խավարը:
Խավար, որի շնորհիվ, հավանաբար` մենք վառեցինք այնքան մոմ, որ հազարամյակներ շարունակ չէին հասցրել վառել մեր բոլոր հավատացյալ նախնիները բոլոր աղոթատներում: Իսկ մենք մոմը բացի աղոթատներից, վառում էինք մեր մութ բնակարաններում, մութ ու խավար` միջանցքներում:
Մեր վառած մոմերը նսեմացնում էին ոգին, մեր ներքին արժանիքը, մեր ունեցած` համարժեք էր մեր ներկային, իսկ մեր կերտվող ներկան այնքան էլ մխիթարիչ չէր:
Բնականաբար, այն ինչ մենք գիտեինք չէր դառնում իրականություն: Նման հմուտ ճամփորդին, գիտեինք մեր գնալիք ճանապարհը, բայց գնալու, քայլն անելու փոխարեն, անվերջ խոսում էինք, իրականում գնալու ցանկությունը խեղդում էինք խոսքով, եռանդաթափ որոշում արդեն հաջորդ օրն՝ իրո'ք ,քայլ գցելով կգնանք, իսկ հաջորդ օրերին միշտ էլ ընդհառաջ էր գալիս նոր հաջորդ օրը` կրկին խոսք ու զրույցով անվերջ հաջորդվելու համար:
Այդ բոլորը մենք հասկանում էինք, բայց մեզ շփոթեցնում, հուսահատեցնում էր իշխանությունների կրավորական վերաբերմունքը:
ՃԱՆԱՊԱՐՀԻ մասին, մեր նորընտիր ղեկավարների այլամերժ, լայնածավալ ու անվախճան քննարկումները շփոթեցնում, խճճում էին մեծ ու փոքրին:
Մտքերի բազմապիսի փաթեթավորումները, փուլ առ փուլ, երբեմն անփուլ, անփայլ անփաթեթ, կամ` փաթեթավոր ածանցումների անպտուղ փնտրտուքով հուսահատեցնելուց զատ ավելի ձանձրացնում էր: Շատերը հասկանալով ՔԱՂԱՔԱԿԱՆ խաղի խարդակ կանոնները, լուռ ու վճռական գնում էին սահմանամերձ շրջանները, նորոգ, թեժ կետերը, խառնվում էին տեղացիներին ու դիմագրավում,հաճախ ջարդում երկրի սահմանները տնտղող ,հոտոտող թշնամու մռութը, գնում էին, թիկունք դառնում տեղացուն, զորացնելով նրա հավատը:
Մյուսները հավաքված գոչում ու աղմկում էին, շատե'րը թերահավատ, մի' մասը հոռետես ու վախին շուլալված: Նրանց շուրթին. վախից ծնված անվերջ, անկախատեսելի հետեուանքներ ու հաճախ հազ-արավոր պղտոր հորինովի փաստարկումներով մշուշապատում էին ճանապարհը:
Անհատական անկախացումը ավելի շատ էր խրախուսվում, քան հավաքական միաբանությունը, զուր չէ, որ սկսել էինք առեուտուր սերտել:
Ահա հենց առեւտրով էլ սկսեցին նսեմացնել ու արժեզրկել բոլոր ազգային ու մարդկային չափերն ու արժեքները : Տարտամ, բայց վստահ հառնում էր նորը՝ չափի ու կշռի խորթ մեր ազգի ոգուն անհարիր դարաշրջանը:
Մարկետն ու մարկետայինը մտնում էր շրջանառության մեջ: Հազար ու մի թշնամիներով շրջապատված, նրանց բնավ չբացահայտած, շարունակում էինք կորցնել անգամ վաղուց ի վեր մեր սովորության ուժով ամրագրված կարողությունները :
Արժեզրկելով մերը, տեղայի'նը, եղա'ծ ու փորձած նահապետականը, տուրք տալով օտար արժույթ
ներին, և հավատալով թշնամու խորհուրդներին զբաղվում էինք ինքնանսեմացմամբ, մեր բախտը փաթեթավորած, բարուրված նորածին մանկան տեսքով` դնում թշնամիների սեղանին՝ վերջնականա
պես զրկում մեզ անգամ պարզապես մտածելու կարողությունից:

Շար . 4

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝