Thursday, April 26, 2012
ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ (Ծաղկաքաղ) 3 - ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - Թարգմանեց Վազգէն Գէորգեան
Քեզնից ստացած արժանիքներս այս, բարիքները ողջ
Ու ներողամիտ համբերութիւնդ,
Օրհնեա´լ, բարերա´ր և երկայնամի´տ,
Ես՝ մեղապարտս, փոխարինեցի
Անթիւ անհամար ու բազմապիսի անօրինութեան,
Այլև մարմնական հոգևոր բոլոր ախտերով ծփուն՝
Երկնաքարշ յոյզ ու մտորումների:
Եւ այսպէս ահա, այդ բոլորի տեղ, Աստուա´ծ իմ և տէ´ր,
Ես՝ խելակորոյս յիմարամիտս,
Քեզ չարիքներով փոխհատուցեցի,
Ինչպէս Մովսէսն է յանդիմանաբար ասել առակով:
Երախտիքներն ու բարիքները քո
Անմիտ ընթացքով վատնեցի իսպառ.
Բարձրեալիդ կողմից հոգատարութեամբ
Ինձ վրա բարդած անճառ, լուսաւոր շնորհները ողջ
Խելագարութեամբ մրրիկով ցնդեցրի:
Թէպետ շատ անգամ հոգածու ձեռքդ կարկառելով ինձ՝
Ուզեցիր ձգել դէպի քեզ, սակայն ես չցանկացայ,
Իսրայէլի պէս, ըստ մարգարէի ամբաստանութեան:
Թէև խոստացայ քեզ հաճոյ լինել,
Սակայն այդ ուխտը նոյնպէս դրժեցի
Նոյն չարիքները նիւթեցի դարձեալ,
Վերադառնալով նախկին կենցաղիս:
Անդաստանները սրտիս հերկեցի
Միայն մեղքերի փշերի համար,
Որ որոմն այնտեղ արգասաւորուի:
Ինձ են պատշաճում առակները ողջ
Աստուածարեալ սուրբ մարգարէների
Քանզի դու ինձնից յուսացիր խաղող,
Փոխարէնը ես ընձիւղեցի փուշ.
Որթացած այգիս դառն ու անախորժ պտուղներ տուի:
Ապաւինեցի անհաստատ հողմին,
Որով յարածուփ տատանումնրով
Այս ու այն կողմ եմ միշտ տարուբերւում:
Ըստ Յոբի խօսքի, գնացի անդարձ մի ճանապարհով
Յիմարի նման շէնքս շինեցի աւազի վրայ.
Խաբուած՝ կարծեցի լայն արահետով
Կարող եմ հասնել անձկալի կեանքին.
Ինքս փակեցի ելքը ճամբէքիս.
Կամովին բացի վիհս կորստեան:
Իմ լսելիքի պատուհանները խցեցի ամուր
Որ կենդանարար խօսքդ չլսեմ:
Գոցեցի նայուածքն հոգուս աչքերի,
Որ չնկատեմ դեղս փրկութեան.
Վեր չցատկեցի մտքիս լքումից ու թմրութիւնից՝
Ի լուր պատգամիտ ահաւոր փողի.
Մեծ դատաստանի հրափորձ օրուայ
Ուժաբեր ձայնից չաչալրջացայ.
Չարթնացայ երբեք կորստի տանող մահաբեր քնից:
Հանգիստ չտուի հոգուդ՝ մարմնեղէն տաղաւարիս մէջ
Բանական շնչիս հետ չխառնեցի
Մասը՝ պարգևած քո շնորհների.
Ըստ առակողի, ինքս իմ ձեռքով կանչեցի կորուստ՝
Կենդանի հոգիս մատնելու մահուան:
***
Ի՝նչ շահ սրանից, կամ ինձ ի՝նչ օգուտ,
Ու արձակելով այսպէս շարունակ
Ողբ ու հեծութիւն՝ ինքս վհատուեմ
Ու դուրս չթափեմ խօսքիս խարանով
Մահացու վէրքիս շարաւն ամբարուած
Կամ ՝անօթութիւնը, որ մթերուած է սրտիս խորքերում,
Առաջ բերելով հոգեկան սաստիկ ցաւատանջ խիթեր,
Նողկանք պատճառող մատնամխութեամբ չփսխեմ իսպառ:
***
Ահա մտքերիս սևեռուն հայեացքն ուղղած դէպի քեզ
Որպէս թիրախի, անձն իմ անպիտան,
Խօսքիս քարերով, ինձ պէս անընտել վայրի գազանի,
Անողորմաբար պիտի քարկոծեմ:
Թէկուզ դրանով չարժանանամ իսկ արդար կոչվելու,
Բայց, իմաստունի խօսքի համաձայն,
Ինքնակամօրէն, ինչպէս մի ոսոխ,
Պիտի ոգորեմ ինքս իմ անձի դէմ:
Եւ բոլոր գաղտնի յոյզ ու մտքերն իմ
Խոստովանելով՝ որպէս կատարուած չարագործութիւն
Պիտի անսքօղ հրապարակեմ,
Խպնեմ քո առաջ, Աստուա՜ծ իմ և տէ´ր:
Քանզի որքան շատ պարսաւեմ ինքս ինձ,
Այնքան աւելի պիտ' արժանանամ
Աննուազելի քո ողորմութեան,
Ստանալով իմ անթիւ մեծամեծ պարտքերի դիմաց՝
Առաւել առատ շնորհները քո:
Որքան աւելի ճարակուած լինեմ
Անբժշկելի, ծանր ու անամոք վէրք ու խոցերու:
Դրա համեմատ այնքան առաւել ու կրկնապատիկ՝
Բարձրեալ բժշկիդ իմաստութիւնը ամենահնար
Ցուցադրուելով պիտի հռչակուի:
Շար . 3
«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»
Labels:
ՀԱՅ ԳԻՐՔԻ ՏԱՐԻ
0 comments:
Հայտնեք Ձեր կարծիքը՝