Յայտարարութիւն

Friday, April 27, 2012

ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ - (Ծաղկաքաղ) 4 - ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - Թարգմանեց՝ Վազգէն Գէորգեան

Ընդունի´ր սիրով, մեծազօր Աստուած, Աղաչանքները դառնացած սրտիս. Ամօթահարիս մօտեցի´ր մեծիդ բարեգթութեամբ. Փարատի´ր իսպառ,ամենապարգև´, Սխրութիւնն իմ այս նշանակելի. Այս անտանելի ծանրութիւնները Վերցրո´ւ, թօթափի´ր ինձնից, ողորմա´ծ. Կտրի´ր մահացու սովորոյթներն այս, ո՜վ հնարագէ´տ. Աւարի´ մատնիր, մշտապէս յաղթող, Հրապոյրները մոլորապատիր. Ցրի´ր, վերնայի´ն, գայթակղութեան մառախուղն անհետ. Խափանի´ր, փրկի´չ, յարձակումները կորուստ նիւթողի. Ջնջի´ր, ծածակատե´ս, որոգայթներն այս նենգ ու պատրական. Խոյացումներն այս՝ խռովարարի խորտակի´ր, հզօ´ր: Կնքի´ր անունովդ լուսանցոյցն յարկիս. Պարփակիր ձեռքովդ առաստաղն իմ տան. Ցծի´ր քո արեամբ մուտք իմ սենեակի. Սուրբ նշանը քո դրոշմի´ր ամուր Մաղթողիս բոլոր ճամբէքի վրայ: Աջովդ ամրացրո´ւ խշտիս հանգստեան. Մաքրի´ր անկողնուս ծածկարանն իսպառ վարմ ու թակարդից: Կամքովդ պահպանի´ր հոգիս տառապեալ. Եւ մարմնիս շունչը, քեզնից շնորհուած, անարատ պահի´ր. Շրջանակի´ր ինձ ամուր ՝ երկնային զօրքիդ բազմութեամբ՝ Որպէս դիմամարտ դևերի գնդին: Սուրբ աստուածածնիդ և ընտրեալների բարեխօսութեամբ՝ Շնորհի´ր նիրհիս այս մահահանգոյն՝ Խորին գիշերում բերկրալի հանգիստ: Ամփոփի´ր մտքիս և զգայութեան Տեսանելիքի պատուհանները, պարուրի´ր այնպէս, Որ մնան նրանք անսասանելի, խաղաղ, աներկիւղ՝ Ամէն մրրկայոյզ ալեբախումից, Առօրեայ նանիր հոգսերից բոլոր, Անրջական սին երազանքներից, Այս ցնորքներից խենթ ու խօլական, Եւ յիշատակով յոյսիդ պահպանուեն անվթար, անեղծ: Որպէսզի կրկին, երբ որ սթափուեմ այս ծանր քնից, Լիովին զգաստ ու հոգենորոգ Մի զուարթութեամբ կանգնած քո առաջ՝ Մաղթանքներն իմ այս, հաւատքիս բուրմամբ, Ո՜վ ամենօրհնեալ ու անճառելի փառքի թագաւո´ր, Զուգաձայնութեամբ ողջ երկնագումար Փառաբանական բազմութիւններիդ, Բարձունքներդ ի վեր աղաչեմ առ քեզ: *** Երբեք ոչ մի տեղ չի յիշատակուած, Թէ սրախողխողն աւազակներից աղաչել է քեզ, Զի կարկամած էր. Չի արձակել նա մեծիդ ետևից պաղատանքի ձայն, Զի պապանձուած էր. Թի սևեռել քեզ արտասուաշաղ Ու կողկողագին հայեացքն աչքերի, Զի մեղապարտ էր. Ոչ էլ միջնորդի բարեխօսութեամբ Գթառատ կամքդ է շահել աշխատել, Քանզի լքուած էր. Նոյնիսկ ջախջախուած մարմնի արիւնով Ներկուած ձորձերն իր քեզ չկարկառեց Փորձելով ճմլել սիրտը գթածիդ, Զի յուսահատ էր. Ծնկների վրայ, ինչպէս ոտքերի Գարշապարներով, չուղղուեց դէպի քեզ, Քանզի անզօր էր տեղից բարձրանալ. Երբ համարւում է, դեռևս կենդանի, մէկը կիսամեռ, Քիչ է տարբերւում արդէն մեռածից: Նամանաւանդ որ, թէև խրատուեց մեծիդ խօսքերով, Բարերարուեց քո գթասրտութեամբ Ու լուսազարդուեց ճաճանչով փառքիդ, Ոչ միայն դարձեալ շարունակեց քեզ հակառակ գնալ, Այլև հեշտաբար ապստամբելով՝ Անցաւ բանակն իր թշնամիների, Դաշնակեց նրանց ու միաբանուեց ատողներիդ հետ: *** Եթէ երջանիկ Դաւթի սուրբ սրտի հայեցողութեամբ Անօրինութիւնն ու չարիքներն իր՝ գլխից բարձրացած, Իսկ յանցանքներն ու մեղքն անկրելի Բեռներից անգամ ծանր էր համարւում, Հապա ուրեմն սխալմունքներն իմ Կ'անցնեն հեղեղի այն ջրակուտակ ու տիեզերասոյզ, Ամենակործան յորդածուփ ծովից Եւ կատարները բարձր լեռների կը ծածկեն իսպառ: Սակայն թո´ղ փչի քամիդ քաղցրաշունչ Որ լեռներն անգամ կարող է հալել, Ինչպէս այդ եղաւ Նոյի ժամանակ, Եւ իր զօրութեամբ ցամաքեցնի Բազմակոհակ ու ջրակոյտ շեղջերն Աշխարհակործան իմ յանցանքների Եւ լեռնակարկառ բարձրութիւններով դիզուած մեղքերս… Շար . 4 «»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝