Յայտարարութիւն

Saturday, May 19, 2012

ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ - (Ծաղկաքաղ) 12 - ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - Թարգմանեց՝ Վազգէն Գէորգեան

Ես, որ խոնարհուած՝ երկրին կառչեցի
Եւ անասնական գետնաքարշութեամբ՝
Սողալով նուաստ մի սողունի պէս՝
Կամովին ինքս ինձ գամեցի կեանքին այս կորստական,
Ահա ծնկաչոք կուչ եկած մեծիդ քաղցրութեան առաջ՝
Փռուում եմ գետնին, որ պատկերեմ քեզ,
Թէ ինչպէս եմ արդ ի մահ գլորուում:
Բայց ապաւինած վերստին քեզ,տէ´ր,
Ասես թէ կեանքի հաստատուն նեցուկ մի գաւազանով,
Որ ընձիւղուած է Դաւթի արմատից
Եւ անճառօրէն շաղկապուած անեղ քո աստուածութեան,
Պիտի կիսովին բարձրանամ ոտքի՝
Երախտիքներից քո ամօթահար, գետնահակ դէմքով,
Աչքերս յառած քո բարձունքներին,
Խղճալի հայեացք ուղղած դէպի քեզ
Ու լիճը լոյսից լցրած արցունքով,
Ո՜վ ողորմութի´ւն, քաղցրութիւ´ն համակ,
Որ կարեկից ես բոլոր վշտերին,
Յոյսի պաղատանք առաքելու քեզ...

***
...Թող որ զօրութեամբ գթառատ սիրուդ՝ ծառայիս հանդէպ.
Որ դաւանում է անունդ անձկալի,
Ձմրան բքաշունչ հողմերը փոխուեն մեղմանուշ հովի,
Խօլ մրրիկները՝ ախորժ զեփիւռի,
Ահն ու տագնապներն այս չարակասկած՝ մեծ վստահութեան,
Աղէտը պատժի՝ անանց բերկրութեան,
Վիշտն ու թախիծը՝ հոգևոր անհատ խրախճանութեան,
Ալեկոծութիւնն այս փոթորկայոյզ՝ խոր խաղաղութեան,
Ու թևարկումներն հասցնեն անվրէպ՝
Ապահով, անդորր նաւահանգստի...

***
Աղաչում եմ մեծ, անփոփոխելի
Ու ամենազօր տէրութեան հոգուդ,
Առաքի´ր, գթա´ծ, ցօղդ քաղցրութեան,
Ներազդի´ր հոգուս և զգայութեան տիրակալ մտքիս՝
Օժտի´ր բազմաձիր, առատապարգև,
Ամենալիր քո շնորհքներով:
Հերկի´ր բանական անդաստանները
Իմ այս մարմնեղէն կարծրացած սրտի,
Որ կարող լինի պտղաբերելու սերմդ հոգևոր…

***
Քո աշխարհաստեղծ բերանի օրհնեալ
Շրթունքների սուրբ ու կենդանարար շիթն անձրևային,
Որպէս բանալի, ցօղի´ր դռներին իմ լսողութեան
Եւ բուժի´ր իսպառ թոյնից խորամանկ, նենգ բանսարկուի:
Դու, որ ամէնքին շնորհում ես ձիրք ընտիր խօսալու,
Ամենակարող ձեռքովդ օժտիր ինձ ձայնի զօրութեամբ,
Որ պատշաճապէս տիրապետելով խօսքի արուեստին,
Չլինի յանկարծ մեր նախահօր պէս,
Վայրախօսելով յանդուգն ու անկարգ,
Քո յոյսից զրկուած ու յաղթահարուած որսողի կողմից,
Մատնուեմ լքման ու անբանութեան:
Կարկառելով քո աջը կենսաձիր՝
Լուսաւորի´ր, տէ´ր, կրկին՝ խաւարած ախերը հոգուս,
Որպէսզի յանկարծ վիշապի շնչից
Մարած լապտերով համարձակութեան՝
Չստորածածկեմ գրպանի ներքոյ:
Հա´ն արատներն ու չարութիւնն իմ ողջ,
Նետի´ր, ընկղմի´ր խորքերը ծովի,
Որ փոքր է անչափ քո աստուածային մեծութեան հանդէպ:
Հաստատիր հաւատ ոչ վստահութիւն կործանուածիս մէջ,
Որպէսզի կոթողն յուսահատութեան
Ծեր չխոյանայ՝ որպէս ազդարար ծածուկ ախտերիս:
Բա´ց, հզօ´ր, գթա´ծ, աչքերիս առաջ
Կեանքի ուսմունքը քո ամենաբոյժ,
Որ կորստական բողբոջներն իմ մէջ
Արմատից հնձես կամքիդ մանգաղով:
Պետրոսի նման,Աստուա´ծ բոլորի,
Կամեցայ քայլերս ուղղել դէպի քեզ,
Խորասուզուեցի սակայն աշխարհիս
Մեղսածուփ ծովի խօլ յորձանքներում.
Հասի´ր օգնութեան ու սասանուածիս
Մեկնի´ր ձեռքը քո ամենակեցոյց:
Քանանուհու պէս աղեխարշ ձայնով
Սրտիս խորքերից պաղատում եմ քեզ.
Որպէս սովատանջ ամենաթշուառ կաղկանձող մի շան՝
Քո ամենազեղ ու ճոխ սեղանի
Հացի փշրանքից բաժին հա´ն և ինձ:
Դու, տէ´ր, որ եկար, որպէսզի փնտռես
Ու կեանք տաս նորից կորուսեալներին,
Փրկի´ր նիւթեղէն խորանն իմ վշտոտ, դառնացած հոգու...

***
Մի մատեան եմ ես շնչաւոր, լցուած ներսից ու դրսից
Միայն ձայներով, ողբ ու վայերով,
Ճիշտ Եզեկիելի տեսիլքի նման.
Քաղաք՝ անպատուար և անհամարձակ,
Տուն՝ առանց ամուր դռնափակերի,
Աղ՝ տեսքով միայն և ոչ թէ համով,
Ջուր՝ դառնալեղի, անախորժելի
Ծարաւածներին խմելու համար,
Գետնին՝ անօգուտ երկրագործութեան,
Դաշտ՝ լքուած, դատարկ ու անբոյս,
Կրկնամեռ խօսուն մի տունկ եմ անյոյս,
Մի ճրագ՝ իսպառ մարած ու անլոյս:
Արդ, սրա նման պիտի վերստին
Կրկնեմ բազմաթիւ աւաղումներս,
Քանզի պահուած են ինձ՝ հէգիս համար
Ամօթալի ու դառն պատուհաս,
Ատամնակրճում և անհատնում լաց՝ եղկելոյս աչքին,
Անողոքելի հայրական ցասում՝ դառնացած որդուս,
Մեղսամած մարմնիս՝ աննորոգելի ապականութիւն,
Ախտաւոր հոգուն չարիք գտնողիս՝ նոր կշտամբանքներ,
Թշուառ գերեալիս՝ տագնապալից ու տարտամ տուայտանք,
Որ պիտի հասնի երկնային զօրքից օրհասիս պահին,
Երբ պիտի յայտնեն, թէ այրուելու եմ
Ես որոմների խրձերի նման
Եւ ազդարարեն ահարկու ձայնով յուսալքուածիս՝
“Անբուժելի ես”:

Շար . 12


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝